Հայ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնի շրջանակում երկու մրցանակ է ստացել

26.06.2015, 18:51
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն ու ռուս կինոգործիչների գիլդիան «Համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար» մրցանակ է շնորհել հայ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին:
Հայ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնի շրջանակում երկու մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի միջազգային կինոփառատոնն ու ռուս կինոգործիչների գիլդիան «Համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար» մրցանակ է շնորհել հայ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին: Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:

Նրա խոսքով` մրցանակը շնորհելու արարողությունն անցկացվել է Մոսկվայում, Խաչատրյանին նվիրված ստեղծագործական երեկոյի ժամանակ:

Նա ավելացրեց, որ այս տարի Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի նրա «Սպիտակ քաղաք» ֆիլմը։

Հարություն Խաչատրյանը հիմնադրել և ղեկավարում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ինչպես նաև` «Դեբյուտ» (1991) կինոփառատոնը։ ՀՀ ժողովրդական արտիստ է, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, ՀՀ պետական մրցանակ է ստացել «Վավերագրողը» (2003) ֆիլմի համար։

2007 թվականին ստացել է Նիդեռլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին` Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության շքանշանը` իր մշակույթի և գրականության մեջ ունեցած վաստակի համար։ 2008 թվականին Հայաստանի կառավարության որոշումով դարձել է Մովսես Խորենացու շքանշանի ասպետ։

2010թ.-ին նրան է շնորհվել Ամերիկյան անկախ կինոգործիչների միության Ռոբ Նիլսոնի անվան մրցանակը, ինչպես նաև` Դարկո Բրատինայի անվան մրցանակը: «Սահման» ֆիլմի համար ՀՀ նախագահի մրցանակ է ստացել 2010 թվականին։ Նա բազմաթիվ խոշոր միջազգային կինոփառատոների դափնեկիր է։

Խաչատրյանի վերջին ֆիլմը («Հայկ. փախուստ») «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»  ֆիլմաշարի առաջին ֆիլմն է, որը 2014 թվականին Թուրինում անցկացված կինոփառատոնի գլխավոր մրցանակն է ստացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Նույն թվականին ֆիլմը նաև արժանացել է Կոսովոյի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ -0-