Ռուսաստանաբնակ հայ ռեժիսորը «Երեխայի իրավունքների պաշտպանության համար» մրցանակի է արժանացել

08.06.2015, 16:40
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արիկ Մանուկյանի «Մայրիկ» ֆիլմն արժանացել է Իրավական կամայականության դեմ պայքարի կոմիտեի «Երեխայի իրավունքների պաշտպանության համար» մրցանակին, հայտնում է Մոսկվայի Հայ–ռուսական տեղեկատվական կենտրոնը (ՀՌՏԿ)։
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսորը «Երեխայի իրավունքների պաշտպանության համար» մրցանակի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արիկ Մանուկյանի «Մայրիկ» ֆիլմն արժանացել է Իրավական կամայականության դեմ պայքարի կոմիտեի «Երեխայի իրավունքների պաշտպանության համար» մրցանակին, հայտնում է Մոսկվայի Հայ–ռուսական տեղեկատվական կենտրոնը (ՀՌՏԿ)։

Ինչպես նշվում է կոմիտեի որոշման մեջ, ֆիլմը մրցանակի է արժանացել «վեհության և պատկերավորության համար, որոնք կինոյի միջոցով ավելի վառ են ներկայացրել մեր ժամանակների հանգամանքները, որոնց հիմնական զոհն են դառնում երեխաները»։

Ֆիլմը պատմում է միայնակ մոր ճակատագրի մասին, որն իր որդու հետ քաղաք է տեղափոխվել ռուսական ծայրամասից։ Տղային կերակրել կարողանալու համար  կինը փոքրիկ կարի արհեստանոց է բացում վարձով վերցրած բնակարանում, որն անմիջապես գրավում է տեղական իշխանությունների ուշադրությունը։ Տասը տարեկան Դիմայի համար միակ ելքը գնացքներում գումար վաստակելն է դառնում։

«Ֆիլմում ծավալվող իրադարձությունները ստիպում են վերաիմաստավորել մարդ և պետություն հարաբերությունները», – նշել է կինոքննադատ Անտոն Մեդվեդևը` մեկնաբանելով ֆիլմը։ -0-