Ռուսաց լեզվի շաբաթն է մեկնարկել Հայաստանում

01.06.2015, 21:18
Հայաստանում ռուսաց լեզվի շաբաթվա հանդիսավոր բացումն է կայացել Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։
Ռուսաց լեզվի շաբաթն է մեկնարկել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ռուսաց լեզվի շաբաթվա հանդիսավոր բացումն է կայացել Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։

«Այսօր մեկնարկում է Ռուսաց լեզվի շաբաթը, որի կազմակերպիչը Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնն է։ Այդ շաբաթվա շրջանակում Երևանում կանցկացվեն լուսանկարչական, գիտամեթոդական բնույթի բազմաթիվ կրթական և մշակութային միջոցառումներ»,– ասաց Երևանում ՌԳՄԿ փոխտնօրեն Իգոր Կուսովը։

Նա ընդգծեց, որ շաբաթվա գլխավոր իրադարձությունը կլինի 2010 թվականին ՄԱԿ–ի հաստատած Ռուսաց լեզվի միջազգային օրը (նշվում է հունիսի 6–ին)։ 

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր և «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի գլխավոր խմբագիր Բելլա Եսաջանյանը նշեց, որ երիտասարդության շրջանում ամենաակտիվ մեթոդական միավորումը ռուսագետների միությունն է։

«Հենց նրանք են շատ ակտիվ կերպով կազմակերպում ռուս բանաստեղծներին և մշակույթին նվիրված միջոցառումներ»,– ասաց Եսաջանյանը։

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հանրակրթական դպրոցների վարչության գլխավոր մասնագետ, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանի խոսքով` ռուսաց լեզվի ուսուցիչների համար շատ կարևոր են Ռուսաստանում որակավորման բարձրացման դասընթացները։

«Մենք մոռանում ենք այն, ինչը չպետք է մոռանանք։ Այսօր եթե դու տեղում ես դոփում, դու կորցնում ես լեզվի իմացության մակարդակը, պետք է այն զարգացնել, թարմացնել սեփական գիտելիքները։ Հուսով եմ, որ մոտ ապագայում կներդրվի հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացման ծրագիր»,– ասաց Բալասանյանը։

Նա նշեց, որ հայկական դպրոցներում ուսուցիչների մասնագիտական անհամապատասխանության հարցը սուր է դրված, և այն պետք է լուծել։

Ռուսաց լեզվի շաբաթվա հանդիսավոր բացման ընթացքում անցկացվեց  Սերգեյ Եսենինի ծննդյան 120–ամյակին նվիրված «Ռուսական հոգու պոետ» գրական–երաժշտական երեկոն։ Կոմպոզիցիայի մասնակիցները կլինեն Ալեքսանդր Բլոկի անվան №122 հիմնական դպրոցի աշակերտները։ Նույն օրը կկատարվի Ընդհանուր թելադրություն 2015–ի մասնակիցների հավաստագրերի հանձնումը։

Մարգարյանի անվան № 29 ավագ դպրոցում հունիսի 2–ին կանցկացվի Ալեքսանդր Գրիբոյեդովի կյանքին և գործունեությանը նվիրված գրական երեկո, ինչպես նաև Գրիբոյեդովի ծննդյան 220–ամյակին նվիրված շարադրությունների և էսսեների հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրում։

Ա.Ս.Պուշկինի անունը կրող դպրոցներում, ըստ ավանդույթի, կանցկացվի Հայաստանի Պուշկինի անվան դպրոցների միության հանրապետական փառատոն «Բարեկամներ, հիասքանչ է միությունը մեր» կարգախոսով և 2014-2015 ուստարվա ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի հաղթողների մեծարման արարողություն։

Հունիսի 5–ին Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կանցկացվի Ալեքսանդր Պուշկինի կյանքին և ստեղծագործությանը նվիրված «Ռուս գրականությունը հարցերով և պատասխաններով» միջբուհական վիկտորինա։

Ռուսաց լեզվի ընդհանուր օրը` հունիսի 6–ին, Պուշկինի անվան № 8 հիմնական դպրոցում ծաղիկներ կդրվեն մեծ ռուս բանաստեղծի կիսանդրու մոտ և կանցկացվի նրա ծննդյան օրվան նվիրված միջոցառում։

Նույն օրը Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում կկայանա «Նա սերն ու փառքն է Հայրենիքի» պուշկինյան պոեզիայի հանրապետական 10–րդ տոնը։ Դրան կմասնակցեն ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ Երևան, Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներից։ -0-