«Հայաստանի փոքրիկ երգիչները» մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոնին, որն անցկացվել է Հունաստանում

14.04.2015, 16:55
Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին:
«Հայաստանի փոքրիկ երգիչները» մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոնին, որն անցկացվել է Հունաստանում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին:

Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, հայտնում է երգչախմբի մամուլի ծառայությունը:

Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և կազմակերպվել էր «Համազգային հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ապրիլի 3-ին կայացավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը, որին ներկա էին Հունաստանի խորհրդարանի անդամներ, նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սալոնիկի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ:

Ներկայացվեցին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Արթուր Ահարոնյանի հոգևոր, ժողովրդական, ժամանակակից ստեղծագործությունները, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների դասական և արդի երկեր:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»  մանկապատանեկան երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականի նոյեմբերի 6–ին։Միջզգային մրցույթների դափնեկիր է, «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր։

Երգչախումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոնների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։ Երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։-0-