«Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի շրջանակում փետրվարի 4-ին համերգ կանցկացվի Երևանում

02.02.2015, 14:07
«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի շրջանակում համերգ փետրվարի 4-ին կանցկացվի Երևանում: Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին կմասնակցեն միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր երաժիշտներ
«Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի շրջանակում փետրվարի 4-ին համերգ կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի շրջանակում համերգ փետրվարի 4-ին կանցկացվի Երևանում։

Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին կմասնակցեն միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր երաժիշտներ, մասնավորապես` դաշնակահարուհի Մարիա Նեմցովան և սաքսոֆոնահար Վիտալի Վատուլյան: Կհնչեն Բախի, Բրամսի, Շումանի, Գրիգի, Չայկովսկու, ինչպես նաև Կոմիտասի և Խաչատրյանի ստեղծագործությունները։

«Այս բարեգործական նախագծի, որն արդեն երկրորդ անգամ է իրականացվում Հայաստանում, հիմնական նպատակը համերգներ կազմակերպելն է այն երկրներում, որտեղ եղել են հակամարտություններ, պատերազմներ, աղետներ», - ասաց Խաչատրյանի անվան տրիոյի մենակատար Արմինե Գրիգորյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով` երաժիշտներն այդ երկրների հանդիսատեսին և արվեստագետներին են ներկայացնում իրենց արվեստը և աջակցում են տաղանդավոր երիտասարդներին, որոնց ընտրում են վարպետության դասերի ժամանակ։ Նախորդ` 2012 թվականի այցի թրեյնինգների արդյունքում ընտրվեցին դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը և սաքսոֆոնահար Արթուր Քոչարյանը, որոնք մասնակցեցին Մոսկվայում կայացած եզրափակիչ համերգին։

«Այս այցի ընթացքում նախագծի մասնակիցները համերգներ կունենան և վարպետության դասեր կանցկացնեն Էջմիածնում, Երևանում, Ստեփանակերտում։ Կատարողների կազմն այս տարի «ավելի միջազգային» է, մասնակիցներ կան Գերմանիայից, Ռուսաստանից, Արգենտինայից», - ասաց Գրիգորյանը։

Դաշնակահարուհի Մարիա Նեմցովան իր հերթին նշեց, որ նախագծի շրջանակում ընտրվում են առավել տաղանդավոր երիտասարդ երաժիշտները։

«Մեզ համար կարևոր է այն, որ նախորդ նախագծի ժամանակ դրանում ընդգրկվեցին երեխաներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Հուսով ենք նոր տաղանդներ բացահայտել նաև այս անգամ»,- ասաց Նեմցովան։

Նա պատմեց նաև, որ նախագծի գաղափարը ծագել է չորս տարի առաջ։ Ի սկզբանե նախագծի գլխավոր գաղափարը «նոր նոտա» մտցնելն էր աղետի և հակամարտությունների գոտիների մշակութային կյանքում։ Նախագծի շրջանակում երաժիշտներն այցելել են արդեն ավելի քան 15 երկիր` ներառյալ ողջ Կովկասյան տարածաշրջանը, Բալկանները, Իսրայելը, Պաղեստինը, Թունիսը, ծրագրում են` Հնդկաստանը և Ուկրաինան։ 

Ինչ վերաբերում է այն բանին, որ Ղարաբաղ այցելելուց հետո երաժիշտներին կարող է արգելվել մուտք գործել Ադրբեջան, ապա Խաչատրյանի անվան տրիոյի մենակատար Կարեն Շահգալդյանի խոսքով` նրանք գիտեն այդ մասին, և դա նրանց չի կանգնեցնի։

«Ես բացեմ առաջիկա համերգի գաղտնիության քողը։ Համերգի մասնակիցները «կխոսեն» հայկական երաժշտության լեզվով։ Նրանք արել են Կոմիտասի մի քանի մանրանվագների, ինչպես նաև Խաչատրյանի մի քանի մեղեդիների, իմ կարծիքով, հիանալի փոխադրություններ սաքսոֆոնային կվարտետի համար», - ասաց Շահգալդյանը։

Բարեգործական համերգի համակազմակերպիչն ու Հայաստան հրավիրող կողմը Ա. Խաչատրյանի անվան տրիոն և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն են:--0—