Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է բացվել

26.01.2015, 16:43
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում երկուշաբթի տեղի է ունեցել Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի (ՍՏՈՒԿ փրոդաքշն) բացումը։
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում երկուշաբթի տեղի է ունեցել Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի (ՍՏՈՒԿ փրոդաքշն) բացումը։

«Սա կինոարտադրության բոլոր փուլերում գործընթացն ապահովող լիարժեք համալիր է, յուրօրինակ մինի–կինոստուդիա»,– ասաց ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը կենտրոնի բացման ժամանակ։

Ստեղծագործական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի ստեղծումն իրականացվել է Համաշխարհային բանկի դրամաշնորհի միջոցներով, ինչպես նաև պետական ինստիտուտի ներդրումների հաշվին։

Մուրադյանի խոսքով` կենտրոնում հնարավոր է կատարել ինչպես կինոնկարահանում, այնպես էլ մոնտաժ, տեսագրություն, կա նաև անիմացիոն տաղավար։ Կենտրոնում կան ֆիլմի նկարահանման ամբողջ գործընթացի իրականացման բոլոր հնարավորությունները։ Ներկայում կատարվում է ինստիտուտի նկուղային հարկում նաև ուսանողական կինոստուդիայի բարեկարգումը, դրա ստեղծման համար պահանջվում են 350 հազար դոլարի ներդրումներ։

«Կենտրոնի բացման շնորհիվ ինստիտուտը որակապես նոր մակարդակի է բարձրանում ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման, այնպես էլ ուսանողների պրոֆեսիոնալ աճի տեսանկյունից։ Կենտրոնում արդեն մի քանի ֆիլմեր են նկարահանվել»,– ասաց Մուրադյանը։

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին նշել է, որ կենտրոնի բացումը հերթական միջոցառումն է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի գործունեության արդյունքում:

«Ծրագրի շրջանակում կրթության և գիտության նախարարությունը հատկացրել էր 6 մլն դոլարին համարժեք գումար, որի արդյունքում ՀՀ 10 բուհ հնարավորություն է ստացել արդիականացնել իրենց ուսումնական բազաները, կրթական ծրագրերը, ներմուծել կրթական նոր տեխնոլոգիաներ»,- նշել է նախարարը։

Ըստ նրա` դա արդեն երրորդ ծրագիրն է, և կիրականացվեն ևս յոթ ենթակառուցվածքային նախագծեր Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում։ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն առաջվա պես կշարունակի աջակցություն ստանալ կրթության և գիտության նախարարությունից։

Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման համար Մրցակցային նորարարությունների հիմնադրամը հատկացրել է 118 մլն 716 հազար դրամ։ Թատրոնի և կինոյի ինստիտուտը շուրջ 13.7 մլն դրամ է ներդրել։ Կենտրոնի ստեղծումը կնպաստի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կապահովի ուսումնական գործընթացում նորարարական մեդիա–տեխնոլոգիաների ներդրումը։ -0-