Հայաստանը ներկայացնող պատանի շեփորահար Դանիել Մելքոնյանը «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի է արժանացել

10.12.2014, 17:10
Հայաստանը ներկայացնող պատանի շեփորահար Դանիել Մելքոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային 15–րդ հեռուստատեսային մրցույթում, հայտնում է հանրապետության մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանը ներկայացնող պատանի շեփորահար Դանիել Մելքոնյանը «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանը ներկայացնող պատանի շեփորահար Դանիել Մելքոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային 15–րդ հեռուստատեսային մրցույթում, հայտնում է հանրապետության մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 2-9-ը Մոսկվայում անցկացված մրցույթին մասնակցել են 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից:

Այս տարվա հոբելյանական մրցույթին, բացի շեփորահար Դանիել Մելքոնյանից,  Հայաստանից մասնակցել է նաև ջութակահար Պոլինա Շարաֆյանը։ 

Խիստ ընտրություն անցած մինչև 14 տարեկան (փողային գործիքներով կատարողները` մինչև 15) 48 պատանի երաժիշտներ մրցել են երեք փուլերում երեք մասնագիտություններով` լարային, փողային և հարվածային գործիքներ, դաշնամուր։

Ամենամյա այս մրցույթը հիմնադրվել է դեռևս 2000 թվականին՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը՝ դասական երաժշտության բնագավառում:

Հիմնադրման պահից և 15 տարիների ընթացքում մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ դասական երաժշտության սիրահարների շրջանում, և գոյության ընթացքում այն հեղինակավոր մրցույթի համբավ է ստացել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ -0-