Հայաստանը և Եթովպիան համագործակցություն են հաստատում մշակույթի բնագավառում

20.11.2014, 11:30
Մշակույթի բնագավառում համագործակցության մասին հայ-եթովպիական միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց հինգշաբթի Երևանում:
Հայաստանը և Եթովպիան համագործակցություն են հաստատում մշակույթի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մշակույթի բնագավառում համագործակցության մասին հայ-եթովպիական միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց հինգշաբթի Երևանում:

Ամենատարբեր նախագծերի իրականացում նախատեսող պայմանագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանում  Եթովպիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն:

Կողմերը պարտավորվեցին բարենպաստ պայմաններ ստեղծել գործակցության համար և պայմանավորվեցին մշակութային փառատոներ անցկացնել։

Համաձայնագրի շրջանակում կկազմակերպվեն երկու երկրների թանգարանների հավաքածուների ցուցահանդեսներ։ Նաև նախատեսվում է ուղիղ կապ հաստատել երկու երկրների ազգային գրադարանների միջև, ինչպես նաև անցկացնել փորձի փոխանակում և մասնագետների փոխայցելություններ։ 

«Սա միջպետական մակարդակով հարաբերություններ հաստատելու առաջին քայլն է, և հուսով ենք` այս դեպքում ևս մշակույթը ճանապարհ կբացի բոլոր ոլորտների համար։ Որպես նախնական քայլ` կստեղծվի համակարգող խորհուրդ, որը կմշակի աշխատանքների կատարման ընթացակարգը»,- ասաց Պողոսյանը համաձայնագրի ստորագրումից հետո։

Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Եթովպիան և Հայաստանը շատ նման են իրար, մասնավորապես` երկու երկրներն էլ ունեն մշակութային մեծ ժառանգություն։

«Ես Եթովպիայի մշակույթի նախարարին հրավիրեցի այցելել Հայաստան 2015թ.-ին` համատեղ արդյունավետ ծրագրեր մշակելու համար։ բացի այդ, հաջորդ տարի Եթովպիայում կանցկացվի հայ նկարիչների ցուցահանդես»,- ավելացրեց նախարարը։

Կասահուն Դենդեր Մելեսեն իր հերթին ընդգծեց, որ հայերը Եթովպիայում  հաստատվել են 17-րդ դարից, և իր երկիրն ուրախ է համագործակցել Հայաստանի հետ։

«Մեզ համար չափազանց կարևոր է ոչ նյութական մշակութային արժեքների փոխանակությունը»,- նշեց դեսպանը։--0—