ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Փարաջանովի տուն–թանգարանը չի բացառում տարբեր երկրներում ցուցահանդեսներ կազմակերպելու, ինչպես նաև ռեժիսորի կյանքի և գործունեության մասին գրքեր տպագրելու հնարավորությունը, ասաց Փարաջանովի տուն–թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
«Տուն–թանգարանն առաջարկություն է ստացել ցուցահանդեսներ անցկացնել Պերմում, Կիևում, Մարսելում։ Մենք ծրագրում ենք նաև Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված գրքեր տպագրել»,– հինգշաբթի հայտնեց Սարգսյանը։
Խոսելով այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել և անցկացվել են Փարաջանովի տարվա շրջանակում, նա հայտնեց, որ հիմնականում դրանք անցել են Հայաստանի սահմաններից դուրս` Փարաջանովի ստեղծագործությունն աշխարհին ներկայացնելու համար։
Այս տարի նշվում է հայտնի կինոռեժիսորի ծննդյան 90–ամյակը։
Սարգսյանը հայտնեց, որ Փարաջանովի և մեկ այլ ականավոր ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի ստեղծագործական կյանքին էր նվիրված սեպտեմբերին Բաթումիում անցկացված հեղինակային կինոյի միջազգային փառատոնը։
«Մոսկվայում, Նյու–Յորքում և Շուշիում մեծ հաջողությամբ անցկացվել են Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդեսներ, որոնցում ներկայացվել են նրա աշխատանքները, լուսանկարները, ինչպես նաև կազմակերպվել են նրա ֆիլմերի ցուցադրություններ»,– պարզաբանեց նա։
Սարգսյանի խոսքով` Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Փարաջանովի տուն–թանգարան են այցելել մոտ երեք հարյուր երեխաներ, որոնց առաջարկվել էր այնուհետև ստեղծել սեփական աշխատանքներ` ոգեշնչվելով վարպետի ստեղծագործություններից։
«Լավագույն աշխատանքները կդիտարկվեն առաջիկայում, հաղթողները կստանան մրցանակներ, իսկ լավագույն աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ԱԺ–ում»,– ասաց նա։
Տնօրենը հայտնեց, որ հայ մեծ ռեժիսորի տուն–թանգարան է այցելում տարեկան միջինը 18-20 հազար մարդ, ծանոթանում 1500 ցուցանմուշներից բաղկացած ցուցադրությանը։
«700 ցուցանմուշներ գտնվում են մշտական ցուցադրությունում։ Գոյության 23 տարիների ընթացքում թանգարանը 300 նոր ցուցանմուշ է ձեռք բերել»,– ասաց Սարգսյանը։
Աշխարհահռչակ հայտնի հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9–ին Թբիլիսիում հայկական ընտանիքում։ Նա համաշխարհային ճանաչում է ստացել նոր կինոլեզվի շնորհիվ այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Մոռացված նախնիների ստվերները» Իվան գուցուլի կյանքի մասին (1965 թվական) և «Նռան գույնը» ֆիլմը, որը ներկայացնում է 18–րդ դարի աշուղ Սայաթ–Նովայի կենսագրությունը վերստեղծած կինոմանրանկարների խճանկար։ Ականավոր ռեժիսորի, սցենարիստի և նկարչի ֆիլմերը պարգևատրվել են տասնյակ միջազգային մրցանակներով։ Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեժիսորի գեղարվեստական ստեղծագործությունը` կոլաժներ, կերամիկա, նկարներ։ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսի 20–ին Երևանում։
Փարաջանովի տուն–թանգարանը բացվել է 1991 թվականին Երևանում։ -0-