Բեյոնսեն Մադոննայից խլել է ամենաբարձր վարձատրվող երգչուհու կոչումը

05.11.2014, 10:55
Հայտնի ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլզը գլխավորել է Forbes ամսագրի կազմած երաժշտության աշխարհի ամենաբարձր վարձատրվող կանանց ցանկը՝ խլելով առաջատարի դիրքը Մադոննայից, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հրատարակության կայքին:
Բեյոնսեն Մադոննայից խլել է ամենաբարձր վարձատրվող երգչուհու կոչումը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլզը գլխավորել է Forbes ամսագրի կազմած երաժշտության աշխարհի ամենաբարձր վարձատրվող կանանց ցանկը՝ խլելով առաջատարի դիրքը Մադոննայից, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հրատարակության կայքին:

Ըստ ամսագրի տվյալների՝ 2013 թ.-ի հունիսից մինչև 2014 թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում Բեյոնսեն վաստակել է 115 մլն դոլար: Ինչպես նշում է հրատարակությունը, երգչուհին հայտնվել է ցանկի առաջին հորիզոնականում մեծ մասամբ 95 շոուներից բաղկացած շրջագայության, ինչպես նաև նոր ալբոմի թողարկման շնորհիվ, որը կոչվել է իր անունով: Pollstar ընկերության տվյալներով՝ շրջագայության շրջանակում կազմակերպված յուրաքանչյուր ելույթի համար երգչուհին վաստակել է 2,4-ական մլն դոլար:

Ըստ հրատարակության՝ երաժշտության աշխարհի ամենաբարձր վարձատրվող կանանց հնգյակում են ներառվել նաև ամերիկացի երգչուհիներ Թեյլոր Սվիֆթը, Փինքը, Ռիհաննան և Քեթի Փերին:
Այս տարվա հունիսին ամերիկյան ամսագիրը Բեյոնսեին ճանաչել էր աշխարհի ամենաազդեցիկ աստղը: Այդ ժամանակ երգչուհին առաջ էր անցել պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսից, ռեփեր Անդրե Յանգից, ով հայտնի է Dr. Dre կեղծանունով և հեռուստահաղորդավարուհիներ Օփրա Ուինֆրիից և Էլլեն Դեջեներեսից:

Բեյոնսե Ժիզել Նոուլզը (Beyoncе Giselle Knowles) RnB ոճի կատարող է, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, պարուհի և մոդել: Նա արժանացել է 17 «Գրեմմիի», որոնցից 14-ը ստացել է որպես մեներգչուհի և ևս երեքը՝ «Destinys Child» խմբի կազմում: Բեյոնսեն մտերիմ է ԱՄՆ-ի նախագահական ընտանիքի հետ և բազմիցս մասնակցել է Օբամա ընտանիքի մեծ հանդիսություններին: Հենց նա է երգել ԱՄՆ-ի օրհներգը 2013 թ.-ի հունվարին Բարաք Օբամայի երդմնակալության արարողության ժամանակ: Sony ձայնագրման ընկերության տվյալներով՝ Բեյոնսեի ձայնասկավառակները վաճառվել են ավելի քան 100 մլն օրինակով:-0-