ReAnimania-ն դարձել է Հայաստանի ամենադինամիկ զարգացող փառատոնը. փոխնախարար

23.10.2014, 15:00
ReAnimania անիմացիոն կինոփառատոնը, որը հոկտեմբերի 25-31-ը 6-րդ անգամ կանցկացվի Երևանում, ամենադինամիկ զարգացող փառատոններից է, կարծում է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
ReAnimania-ն դարձել է Հայաստանի ամենադինամիկ զարգացող փառատոնը. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ReAnimania անիմացիոն կինոփառատոնը, որը հոկտեմբերի 25-31-ը 6-րդ անգամ կանցկացվի Երևանում, ամենադինամիկ զարգացող փառատոններից է, կարծում է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Գոյության վեց տարում փառատոնը կարևոր տեղ է զբաղեցրել Հայաստանում անիմացիայի զարգացման ոլորտում: Այս տարիների ընթացքում կազմակերպիչները մեծ աշխատանք են իրականացրել, և դրա շնորհիվ ReAnimania-ն ներառվել է միջազգային փառատոնների ցանկում, և դրա մասին գիտեն աշխարհի բազմաթիվ երկրներում», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ կարևոր է այն, որ ամեն տարի փառատոնն իր ծրագրում ներառում է նորարարություններ, որոնք նպաստում են ինքնատիպ անիմացիոն շուկայի ձևավորմանը:

«Այս տարի հիմնական նորարարությունն անավարտ անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունն ու քննարկումն է: Կարծում եմ, որ սա կարևոր քայլ է Հայաստանում անիմացիոն ֆիլմերի շուկայի ձևավորման ճանապարհին, քանի որ մարդիկ կկարողանան ոչ միայն ավարտուն ֆիլմեր դիտել, այլ նաև քննարկել և ազդել անավարտ անիմացիոն աշխատանքների զարգացման ընթացի վրա», - ասաց փոխնախարարը:

Փառատոնի տնօրեն և հիմնադիր Վրեժ Քասունին իր հերթին նշեց, որ ReAnimania-ն չի սահմանափակվի ձեռք բերածով և կշարունակի ակտիվորեն զարգանալ:

«Շատ ուրախ եմ, որ մեր փառատոնի վերաբերյալ հոռետեսների կանխատեսումները չարդարացան: Բացի այդ, ինձ հաճելի է, որ փառատոնի շրջանակում մենք ոչ միայն տարբեր երկրների անիմացիոն ֆիլմեր ենք ցուցադրում, այլ նաև հնարավորություն ենք ընձեռում երիտասարդներին ձեռք բերել հմտություններ և մասնակցել վարպետության դասերի: Բացի այդ, փառատոնի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև Գյումրիում», - ասաց նա:

Քասունին ավելացրեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները:
Ինչպես նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը, այս տարի մրցութային ծրագրի հինգ անվանակարգերում կցուցադրվի 200 ֆիլմ, իսկ փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ կցուցադրվի ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ և հոլովակ:

«Կինոփառատոնի բացումը կնշանավորվի «Սրտի մեխանիկա» ֆիլմի պրեմիերային ցուցադրությամբ, որի ռեժիսոր Ստեֆան Բյոռլն անձամբ կայցելի Հայաստան: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան արդեն տեղի է ունեցել, այն արժանացել է մի շարք փառատոնների մրցանակներին, և մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել այդ ռեժիսորին Հայաստանում: Փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսված է վեց պրեմիերա», - ասաց Մովսիսյանը:

Նա ավելացրեց, որ ReAnimania փառատոնին մասնակցելու նպատակով արտերկրից կայցելի մոտ 25 հյուր: Բացի այդ կնշվի հայտնի հայ մուլտիպլիկատոր և նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 90-ամյակը, նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություն է նախատեսված:

Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ  http://www.reanimania.com/ կայքում:

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009թ.-ի հոկտեմբերի 3-ից 6-ը։ ReAnimania նախագծի նպատակն է օգնել անիմացիոն արվեստի զարգացմանը, համաշխարհային կարգի անիմատոր նկարիչների նոր սերնդի դաստիրակման և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքները ցուցադրելու համար քննարկումներ կազմակերպելը, ինչպես նաև հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմեր ցուցադրելը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-