Հայաստանը և Բելառուսը կխորացնեն համագործակցությունը մշակույթի ոլորտում

17.10.2014, 18:45
Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր է ստորագրվել ուրբաթ։
Հայաստանը և Բելառուսը կխորացնեն համագործակցությունը մշակույթի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր է ստորագրվել ուրբաթ։

Փաստաթուղթը, որը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Բորիս Սվետլովը, բաղկացած է 12 հոդվածից և վերաբերում է մշակույթի, արվեստի բոլոր ոլորտներին:

Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն թատերարվեստի, երաժշտարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, կերպարվեստի, ժամանակակից արվեստի բնագավառում համագործակցության զարգացման համար, կաջակցեն թատրոնների, երաժշտական, պարային խմբերի փոխադարձ հյուրախաղերի կազմակերպմանը, օպերայի և բալետի արտիստների ու թատերական ներկայացումների փոխանակմանը, երկու երկրներում անցկացվող միջազգային կինոփառատոներին:  

Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը` նախարար Բորիս Սվետլովի գլխավորությամբ, պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 15-20-ը։ Հայաստանում հոկտեմբերի 17-18-ին կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր։

Բելառուսի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին` ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը։

Հոկտեմբերի 18-ին ստեղծագործական պատվիրակությունը ելույթ կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Մինչ այդ ուրբաթ Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի Բելառուսի ժամանակակից արվեստի կենտրոնի գրաֆիկայի լուսանկարչական ցուցահանդեսը:--0--