HighFest թատերական XII միջազգային փառատոնը կբացվի «Կենդանի մակերևույթ» մուլտիմեդիոն ներկայացմամբ

01.10.2014, 16:27
«Լիվինգ Փիքչըրս» աշխարհահռչակ թատրոնի «Կենդանի մակերևույթ» հունգարական մուլտիմեդիոն ներկայացումը կնշանավորի HighFest թատերական XII միջազգային փառատոնի բացումը, հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
HighFest թատերական XII միջազգային փառատոնը կբացվի «Կենդանի մակերևույթ» մուլտիմեդիոն ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Լիվինգ Փիքչըրս» աշխարհահռչակ թատրոնի «Կենդանի մակերևույթ» հունգարական մուլտիմեդիոն ներկայացումը կնշանավորի HighFest թատերական XII միջազգային փառատոնի բացումը, հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Ներկայացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում:

«Մենք ներկայացնում ենք Եվրոպայում բացառիկ «վիզուալ թատրոնը»»,- ասաց «Կենդանի մակերևույթ» ներկայացման բեմադրիչ Սոֆի Բերսին չորեքշաբթի մամուլի ասուլիսում:

Նա պարզաբանեց, որ «վիզուալ թատրոնում» զբաղված դերասանները ներկայացման ընթացքում ոչ մի բառ չեն արտասանում և գործնականում չեն երևում: Նրանք շարժվում են ձգվող կտորի տակ` ստեղծելով վիզուալ կերպարներ, իսկ հանդիսատեսը հետևում է դերասանների շարժումներին պրոեկտորի միջոցով:

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի HighFest XII միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը հայկական բեմում կհամախմբի թատրոնի շուրջ 200 վարպետների աշխարհի 18 երկրներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից ու Վրաստանից:

Այդ օրերին հայկական մայրաքաղաքի թատերաբեմերում կանցնեն ավելի քան հիսուն ներկայացումներ:

Փառատոնային կարևոր իրադարձութունների թվում Ղուկասյանը նշեց «Ջուրը՝ գդալ-գդալ» հայ-ամերիկյան նախագիծը, «Արտիշոկ» ղազախական թատրոնի «Պուշկին stand-up» բեմադրությունը, ինչպես նաև «Մահացած պարեր» (ՌԴ) և «Խելագարի հիշատակարանը» (Մեծ Բրիտանիա) բեմադրությունները:

Օտարերկրյա մասնակիցները փառատոնի շրջանակում կկազմակերպեն նաև վարպետության դասեր հայ արտիստների համար:

Բացի փառատոնի բացման բեմադրությունից, մնացած բոլոր բեմադրությունների մուտքն անվճար է, ինչը թույլ կտա դառնալ փառատոնային տոնի հաղորդակիցը:

HighFest միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցել է Հայաստանում 2003 թ.-ին: Տասը տարվա ընթացքում փառատոնին մասնակցել է ավելի քան 1500 արտիստ աշխարհի 50 երկրներից, ինչպես նաև ավելի քան 150 պատվավոր թատերագետներ, արվեստի գործիչներ և միջազգային փառատոնների նախագահներ:-0-