Հայաստանի կառավարությունը 270 հազար դոլար է հատկացրել «Վարդապետի լռությունը» և «Քարվաճառ» ֆիլմերի նկարահանմանը

28.08.2014, 16:12
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում 110 մլն դրամ (մոտ 270 հազ. դոլար) է հատկացրել «Վարդապետի լռությունը» և «Քարվաճառ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի նկարահանմանը, նիստի ընթացքում հայտնեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Հայաստանի կառավարությունը 270 հազար դոլար է հատկացրել «Վարդապետի լռությունը» և «Քարվաճառ» ֆիլմերի նկարահանմանը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում 110 մլն դրամ (մոտ 270 հազ. դոլար) է հատկացրել «Վարդապետի լռությունը» և «Քարվաճառ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի նկարահանմանը, նիստի ընթացքում հայտնեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

««Վարդապետի լռությունը» ֆիլմը նվիրված է հայ երաժշտական արվեստի հայր Կոմիտասի գործունեությանը։ Նախագիծն առանձնահատուկ արդիականություն է ստանում Հայոց ցեղասպանության 100–ամյակի և Կոմիտասի տուն–թանգարանի բացման համատեքստում»,– ասաց Պողոսյանը։

Ֆիլմը, որի ռեժիսորն է լինելու Վիգեն Չալդրանյանը, նպատակ ունի ավելի խորը և համակողմանի ներկայացնել Կոմիտասի կերպարը։ Կինոնախագիծը բացառիկ է իր էությամբ, քանի որ մինչ օրս չի նկարահանվել Կոմիտասին նվիրված ոչ մի լիամետրաժ ֆիլմ։

Փոխնախարարի խոսքով` երկրորդ կինոնախագիծը «Քարվաճառն» է, որն իրականացվում է իրանցի գործընկերների հետ և նրանց նախաձեռնությամբ ու որոշակի քաղաքական նշանակություն ունի։

Ֆիլմը կպատմի 20–րդ դարի ամենասարսափելի ցեղասպանության մասին, ադրբեջանական ազգայնական քարոզչամեքենայի յոթանասունամյա լուծը  վերապրած և հետագայում անկախության և ազատության հասած արցախցիների կյանքի և պայքարի մասին։

Հայ ականավոր կոմպոզիտոր Կոմիտասի (իսկական անունը` Սողոմոն Սողոմոնյան – 1869-1935) ստեղծագործությունը հայտնի է ողջ աշխարհում։ Կոմիտասը երաժշտություն է դասավանդել Էջմիածնի հոգևոր ճեմարանում, դասավանդմանը զուգահեռ ստեղծել է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, զբաղվել է ժողովրդական երգերի մշակմամբ, գրել է հայ եկեղեցական երաժշտության մասին առաջին ուսումնասիրությունները։ Աշխարհի տարբեր երկրներում Կոմիտասը հանդես է եկել որպես հայկական երաժշտության կատարող և քարոզիչ։

Դառնալով 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացված հայ մտավորականության դաժան ոչնչացման վկա` Կոմիտասը խելագարվել է։ Նրան հրաշքով փրկել և գաղտնի կերպով տեղափոխել են Եվրոպա։

20 երկար տարիներ Կոմիտասն անցկացրել է Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ էլ մահացել է 1935 թվականին` այդպես էլ «ուշքի չգալով» վերապրածից։ Այդ ժամանակից Կոմիտասի կերպարն անբաժան է հայ ժողովրդի ազգային ցավից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-