«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում «Հայաստան–Թուրքիա» կինոհարթակը 10 նախագիծ է ընդգրկում

14.07.2014, 17:21
«Հայաստան–Թուրքիա» կինոհարթակի մրցութային ծրագրի մասնակցության համար ընտրվել է հնգական նախագիծ երկու երկրներից, ընդ որում` երկուսը Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համատեղ արտադրված նախագծեր են, ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և կինոհարթակի համակարգող Սուսաննա Հարությունյանը։
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում «Հայաստան–Թուրքիա» կինոհարթակը 10 նախագիծ է ընդգրկում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան–Թուրքիա» կինոհարթակի մրցութային ծրագրի մասնակցության համար ընտրվել է հնգական նախագիծ երկու երկրներից, ընդ որում` երկուսը Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համատեղ արտադրված նախագծեր են, ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և կինոհարթակի համակարգող Սուսաննա Հարությունյանը։

Հայաստան–Թուրքիա կինոհարթակը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և 2008 թվականին գործունեությունը սկսած «Անադոլու կուլտուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կինոյի բնագավառում` կապեր ստեղծելով երկու երկրների կինոգործիչների միջև և օժանդակություն ցուցաբերելով կինոնախագծերին։ Կինոհարթակն արդեն ֆինանսավորել է 15 հայկական և թուրքական կինոնախագծեր։

Այս տարի կինոհարթակի շրջանակում կցուցադրվեն «Մշո ճառընտիր» (ռեժիսոր` Սերժ Ավեդիքյան), «Քարքարոտ արահետներ» (ռեժիսոր` Առնո Խայաջանյան), «Մեկ կանաչ, երեքը` կապույտ» (Արսեն Առաքելյան), «Վերջին ներարկում» (Գուրգեն Ջանիբեկյան), «Փիսիկը» (Այսե Պոլատ), «Չուխաջյանի քայլերով» (Մեսուտ Թուֆան), «Հին ծառը» (Մարիամ Օհանյան), «Գունանկար» (Սևդա Ուսանօղլու), «Ժամանակը» (Նուրիե Բիլիչի), «Անատոլիացի հեղափոխական` ընկեր Փարամազ» (Քադըր Աքին) ֆիլմերը։

Հաղթող նախագիծը 10 հազար դոլար կստանա։

Հարությունյանը երկուշաբթի լրագրողներին հայտնեց, որ կինոհարթակը գոյության 7 տարիներին ցույց է տվել, որ Հայաստանն ու Թուրքիան համագործակցության բազմաթիվ եզրեր ունեն։

«Դրա վկայությունն են նաև մրցութային ծրագրում ընտրվելու համար դիտարկվող նախագծերի թվի մշտական աճը։ Այս տարի դրանց թիվը հասել է 40–ի։ Բոլոր պատմությունները շատ հետաքրքիր են, թեև թեմատիկան բազմազան է»,– ասաց Հարությունյանը։

«Անադոլու կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մատերը նշեց, որ նույնիսկ փակ սահմաններն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Հայաստանի և Թուրքիայի միջև չեն կարող խանգարել մշակութային համագործակցությանը կինոասպարեզում։

«Թեև նախագծերի հիմնական թեման առանձին չի քննարկվում, ամեն տարի ստացվում է այնպես, որ դրանք արտացոլում են ամենաարդիական հարցերը»,– ասաց Մատերը։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-