Հայկական ժամանակակից արվեստը մրցունակ է համաշխարհային հարթակում. «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամ

13.06.2014, 17:33
Հայկական ժամանակակից արվեստը մրցունակ է համաշխարհային հարթակում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Սոնա Հարությունյանը։
Հայկական ժամանակակից արվեստը մրցունակ է համաշխարհային հարթակում. «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ժամանակակից արվեստը մրցունակ է համաշխարհային հարթակում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Սոնա Հարությունյանը։

«Վերջին երկու տարում 15 նախագիծ իրականացնելուց հետո եկանք այն եզրակացության, որ մենք մեծ հպարտությամբ կարող ենք ներկայացնել մեր ժամանակակից արվեստը ցանկացած միջազգային հարթակում այլ օտարերկրյա արվեստի գործիչների հետ մեկտեղ», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` հիմնադրամի գործունեության շնորհիվ հաջողվել է բարձրացնել Հայաստանի սահմաններից դուրս հայկական ժամանակակից արվեստի ճանաչումը։

Նա նշեց, որ Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի այն քաղաքներում, որտեղ ցուցադրվում էին հայկական աշխատանքները, այցելուները հայկական ժամանակակից արվեստի շնորհիվ կարողանում էին ճանաչել Հայաստանը, որի մասին շատերն անգամ պատկերացում չունեին։

Նա նաև ընդգծեց, որ եթե սկզբում հիմնադրամն իր առջև միայն կերպարվեստը ներկայացնելու խնդիր էր դնում, ապա ժամանակը ցույց տվեց, որ միայն այդ ոլորտով հնարավոր չէ արտերկրում լիարժեք կերպով ներկայացնել հայկական ժամանակակից արվեստի ողջ շրջանակն ու հայկական մշակույթը։

Որպես երկու տարվա գործունեության բացասական փորձ` Հարությունյանը նշեց, որ արվեստի հայ գործիչները հայրենիքում իրենց ստեղծագործական ներուժը զարգացնելու հնարավորություն չունեն։

Նրա խոսքով` Էստոնիա կատարած այցից և Տալինի գրաֆիկական արվեստանոցներում հայ մասնագետների աշխատանքները տեսնելուց հետո ակնհայտ դարձավ, որ հնարավորությունների առկայության դեպքում հայ նկարիչներն իրենց մեջ այնպիսի ներուժ են բացահայտում, որի մասին չէին էլ պատկերացնում։

«Եթե մենք ցանկանում ենք, որ հայկական ժամանակակից արվեստը ճանաչում ստանա, ապա պետք է պատրաստ լինենք այդ ուղղությամբ աշխատել օրը 24 ժամ։ Սակայն, ցավոք, պետական կառույցներն ու համակարգը չեն կարողանում աշխատել այդ ոլորտի զարգացման և պայմանների բարելավման ուղղությամբ, ինչը միգուցե այդքան էլ նրանց գործառույթը չէ», – ասաց Հարությունյանը։ 

Նրա կարծիքով` արվեստի զարգացման համար հարկավոր է լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել մասնավոր հատվածից, ինչպես նաև երկիր հրավիրել օտարերկրյա արվեստաբանների և քննադատների հայ նկարիչների արվեստանոցներ այցելելու համար, ինչը կօգնի արտերկրում հայկական ժամանակակից արվեստի տարածմանը։

2012 թ.–ին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի և այլ երկրների միջև մշակույթների փոխանակմանը, հայ և օտարերկրացի արվեստի գործիչների միջև երկխոսության կայացմանն ու ամրապնդմանը։

Հիմնադրամի գործունեության երկու տարվա ընթացքում իրականացվել է 15 միջազգային նախագիծ, որոնց շրջանակում Հայաստանը մասնակցել է Չինաստանում անցկացված բիենալեին, կազմակերպվել է արվեստի գործիչ Վազգեն Բաժբեուկ–Մելիքյանի ստեղծագործությունների հետմահու ցուցադրությունը և երեք լեզուներով հրատարակվել է նրա աշխատությունների մասին պատմող  պատկերազարդ գիրքը, որտեղ ներկայացված են նաև արվեստագետի նամակները։

Կազմակերպվել է նաև Նարեկ Ավետիսյանի աշխատանքների «Սիմուլակրում» եվրոպական ցուցադրությունը, ինչպես նաև` Մինաս և Նարեկ Ավետիսյանների լայնամասշտաբ ցուցահանդեսը։ Տալինում կայացած միջազգային կինոփառատոնի ժամանակ «Նոր հնչյուններ հայկական կինոյում» առանձին ծրագրի շրջանակում ներկայացվել են հայկական ժամանակակից ֆիլմերը։ Հիմնադրամի նախաձեռնությամբ Վարշավայի թագավորական պալատում միջազգային փառատոնի շրջանակում Հայկ Մելիքյանը ներկայացրել է Արամ Խաչատրյանի 100–ամյակին նվիրված ծրագիրը։

Հիմնադրամի աջակցությամբ Գերմանիայում ցուցադրվել է Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը։ Իրականացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագիծը, որը ներկայացնում էր արվեստի երեք ոլորտ` գրականություն, երաժշտություն և կերպարվեստ։–0–