Նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» ցուցադրությունը կներկայացվի Կոպենհագենում

13.06.2014, 15:52
Նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» ցուցադրությունը 2014 թ.–ի աշնանը կներկայացվի Կոպենհագենում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Սոնա Հարությունյանը։  
Նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» ցուցադրությունը կներկայացվի Կոպենհագենում

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» ցուցադրությունը 2014 թ.–ի աշնանը կներկայացվի Կոպենհագենում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Սոնա Հարությունյանը։ 

«Նախնական պայմանավորվածության համաձայն, որը ես հուսով եմ կյանքի կկոչվի, «Սիմուլակրում» ցուցադրությունն արդեն այս տարվա աշնանը կներկայացվի Կոպենհագենում` Դանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` սա արդեն կլինի «Սիմուլակրումի» 9–րդ միջազգային ցուցադրությունը։

Նկարիչ Նարեկ Ավետիսյանի այս ցուցադրությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Բեռլինի «InteriorDAsein»–ի հանդիսատեսը, մեծ հաջողություն է ունեցել Վարշավայում, Ժնևում անցկացվող Art by Geneve ժամանակակից արվեստի ամենամյա սալոնի ժամանակ։

Նարեկ Ավետիսյանի (հայ անվանի նկարիչ Մինասի որդին) նախագիծը հիմնված է Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունների վրա, որոնք արվել են համաշխարհային և հայկական գեղանկարչության տարբեր ոճերում: «33 ձևափոխություններում...» նկարիչը ստեղծում է պատճենի պատճեն՝ «կրկնակի ստիմուլակր»՝ փորձելով անիմացիայի օգնությամբ ներկայացնել արվեստի փոխակերպումը:–0–