«Լոկալ մոդեռնիտի» միջազգային համաժողովը կանցնի Վենետիկի 14–րդ ճարտարապետական բիենալեի հայկական տաղավարում

22.05.2014, 20:03
«Լոկալ մոդեռնիտի» միջազգային համաժողովը կանցնի Վենետիկի 14–րդ ճարտարապետական բիենալեի հայկական տաղավարում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
«Լոկալ մոդեռնիտի» միջազգային համաժողովը կանցնի Վենետիկի 14–րդ ճարտարապետական բիենալեի հայկական տաղավարում

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Լոկալ մոդեռնիտի» միջազգային համաժողովը կանցնի Վենետիկի 14–րդ ճարտարապետական բիենալեի հայկական տաղավարում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

«Այսպիսի բարձր մակարդակով համաժողովներ անցկացնելու հնարավորությունը տրվում է ոչ բոլորին, և մենք ճարտարապետության տեսության ոլորտի միջազգային լուրջ մասնագետների ենք հրավիրել, ովքեր մասնակցության համաձայնություն են տվել»,– ասաց Սամուելյանը Ճարտարապետական բիենալեին Հայաստանի մասնակցությանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
Համաժողովի համակարգողներ կլինեն հայտնի միջազգային համակարգողներ Ռուբեն Արևշատյանը և Գեորգ Շելհամերը, ով համաշխարհային ցուցահանդեսների խոշոր կազմակերպիչ է Ավստրիայից։

Վենետիկի 14–րդ ճարտարապետական բիենալեում Երևանին նվիրված տաղավարը կկրի «Իղձերի մայրաքաղաք» խորագիրը,  և այնտեղ կներկայացվեն XX դարի հայկական մոդեռնի նմուշներ։ Հայկական տաղավարը կզբաղեցնի մոտ 200 քմ տարածք Զենոբի պալատի երկու հարկերում, որը նախկինում «Մուրադ–Ռաֆայելյան» ճեմարանի շենքն է եղել։ Հայկական տաղավարում կներկայացվի մոտ 250 օբյեկտ` ժամանակակից տեսաձայնային տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ներկայացված աշխատանքների թվում են Գրիգոր Աղաբաբյանի, Ջիմ Թորոսյանի, Կարո Հալաբյանի, Սարգիս Գյուրզադյանի, Սամվել Սաֆարյանի, Երվանդ Քոչարի և 20–րդ դարի հայ մյուս նշանավոր ճարտարապետների գործերը։

14–րդ ճարտարապետական բիենալեի թեման է` «Հիմքեր» (Fundamentals)։ Դրա համակարգող Ռեմ Կոլհասը ծրագրում է ուսումնասիրել համաշխարհային ճարտարապետության վերջին 100 տարիները և դրա անցած ուղին ազգայինից դեպի գլոբալ։ Դիտարկել բոլոր երկրների համար ճարտարապետական ընդհանուր տարրերը (պատ, հատակ, տանիք և այլն) և դրանց «տարբերակները», ինչպես նաև փորձել մուտք գործել ապագա` Իտալիայի օրինակով։

14–րդ բիենալեն կանցկացվի Վենետիկում 2014 թվականի հունիսի 7–ից նոյեմբերի 23–ը։ Վերնիսաժը կկայանա հունիսի 5–ին և 6–ին։ --0--