Շուշիում տեղի է ունեցել հայտնի գրող Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը

21.05.2014, 13:32
Հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» ալբոմ–գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել նախօրեին Շուշիի Կերպարվեստի թանգարանում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։
Շուշիում տեղի է ունեցել հայտնի գրող Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» ալբոմ–գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել նախօրեին Շուշիի Կերպարվեստի թանգարանում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։

Միջոցառմանը ներկա է եղել ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ պաշտոնյաներ։

Շնորհանդեսի ընթացքում Կիմ Բակշին հայտարարել է, որ «Ղարաբաղի հետ հանդիպումը նման է իր սիրո հետ հանդիպմանը»։

«Չեմ կարող մոռանալ այն արյունալի օրերը, որոնք դուք վերապրել եք։ Դուք հաղթահարել եք դժվարությունները նաև այն հարուստ հոգևոր ժառանգության շնորհիվ, որը կա այստեղ` Ղարաբաղում», – ասել է Բակշին։

«Արցախի հոգևոր գանձերը» գիրքը հրատարակվել է ռուսերեն, հունիսին լույս կտեսնի գրքի հայերեն թարգմանությունը։

Կիմ Նաումի Բակշին սկսել է գրական գործունեությունը 1957 թ.–ից խոպանի մասին ակնարկներով և պատմություններով։ 60–ականների սկզբից Բակշին զբաղվում է Հայաստանի հնագույն մշակույթով։ Հայկական ձեռագրերի և ժողովրդի ճակատագրի մասին պատմում են նրա «Արծիվ և դաշույն», «Ճակատագիր և քար», «Սուրբ Ղազարոսի հարությունը» գրքերը։

Բակշիի «Մատենադարան» 20 մասից բաղկացած հեռուստաֆիլմն արժանացել է Պետական մրցանակի և Ֆրիտյոֆ Նանսենի անվան միջազգային մրցանակի։ Իսկ «Վանքից սիրո մասին» էսսեների ժողովածուն արժանացել է Հայ բարեգործական ընդհանուր միության մրցանակին։

Բակշիի սցենարներով նկարահանվել են Հայաստանի մշակույթի մասին պատմող բազմաթիվ վավերագրական ֆիլմեր։–0–