Հայաստանի ազգային պատկերասրահը համալրվել է աշխարհի հայտնի նկարիչների 15 ստեղծագործություններով

19.05.2014, 12:35
Հայաստանի ազգային պատկերասրահը համալրվել է հայտնի նկարիչների, այդ թվում` Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու և Հանս Բելմերի 15 գրաֆիկական ստեղծագործություններով։
Հայաստանի ազգային պատկերասրահը համալրվել է աշխարհի հայտնի նկարիչների 15 ստեղծագործություններով

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային պատկերասրահը համալրվել է հայտնի նկարիչների, այդ թվում` Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու և Հանս Բելմերի 15 գրաֆիկական ստեղծագործություններով։

Նկարները փոխանցվել են Ազգային պատկերասրահին մայիսի 18–ին նշվող Թանգարանների միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։

«2011 թ.–ին մեր պատկերասրահում բացվեց «Դալին և սյուրռեալիզմը» ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացվեցին ոչ միայն Սալվադոր Դալիի, այլև Կանդինսկու և Բելմերի աշխատանքները։ Այս անգամ Թանգարանների միջազգային օրը Լոս Անջելեսի «Արժիլե» պատկերասրահի տնօրենը` հայտնի նկարիչ Ժան Կազնչնի կինը` Քրիստին Արժիլեն, մեր պատկերասրահին նվիրել է այդ հայտնի նկարիչների 15 աշխատանքները», – լրագրողներին տեղեկացրել է Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։

Մասնավորապես, Ազգային պատկերասրահին են փոխանցվել Դալիի չորս գրաֆիկական աշխատանքները, Կանդինսկու յոթ ստեղծագործություններն ու Բելմերի չորս նկարները։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ու Քրիստին Արժիլեն։

«Այս կարևոր իրադարձությունը վկայում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող սերտ բարեկամության մասին, և հատկանշական է, որ այն տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան կատարած այցելությունից գրեթե մի քանի օր հետո», – ասել է Ռենոն։

Նրա խոսքերով` հատկապես կարևոր է, որ նկարչի աշխատանքները փոխանցվել են Հայաստանին հենց Թանգարանների միջազգային օրը։

Քրիստին Արժիլեն իր հերթին ներկայացրեց այդ աշխատանքների հակիրճ պատմությունն ու կարևորեց հայ–ֆրանսիական բարեկամությունը։

Արև Սամուելյանի խոսքերով` այդ ցուցահանդեսը կարևորագույն նշանակություն ունի հայկական մշակութային կյանքում։

«Կարծում եմ, որ հայ–ֆրանսիական բարեկամությունը շատ խոր ակունքներ ունի և չի ավարտվում միայն երկկողմ պաշտոնական նախագահական այցելությունների մակարդակով։ Այս մասին են վկայում նաև այսօրվա հիանալի միջոցառումը, մեր պատկերասրահի ֆոնդերը համալրած հիասքանչ աշխատանքները, որոնք համաշխարհային անուն ունեցող նկարիչների գործերն են», – ասել է Սամուելյանը։

Նույն օրը տեղի ունեցավ Ժան Ղազանչյանի աշխատանքների կատալոգի շնորհանդեսը, ով անձամբ ներկա էր արարողությանը։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 101 թանգարաններ մասնակցել են «Թանգարանների գիշեր 2014» համաեվրոպական ակցիային, որը տեղի ունեցավ մայիսի 17–ին և 18–ին։ Ակցիան, որը տեղի ունեցավ Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում «Թանգարանները միավորում են մեզ» նշանաբանի ներքո, տեղի ունեցավ Հայաստանում 10–րդ անգամ։–0–