Կաննի միջազգային կինոփառատոնը կբացվի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ

14.05.2014, 11:09
Կաննի թվով 67–րդ միջազգային կինոփառատոնը չորեքշաբթի երեկոյան կբացվի ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ Գրեյս Քելիի կերպարը մարմնավորել է Նիկոլ Կիդմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Կաննի միջազգային կինոփառատոնը կբացվի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Կաննի թվով 67–րդ միջազգային կինոփառատոնը չորեքշաբթի երեկոյան կբացվի ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ Գրեյս Քելիի կերպարը մարմնավորել է Նիկոլ Կիդմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ֆիլմը պատմում է հայտնի ամերիկացի դերասանուհի, օսկարակիր Գրեյս Քելիի կյանքի մասին, ով ամուսնացել է Մոնակոյի իշխան Ռենյե III հետ և հոլիվուդյան աստղի կարգավիճակի փոխարեն նախընտրել է արքայադստեր տիտղոսը։ Դաանի ֆիլմում Քելիի կերպարը մարմնավորել է դերասանուհի Նիկոլ Քիդմանը, ով նախորդ տարի ընդգրկված էր Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում։
Կինոփառատոնի հիմնական մրցույթում ներառվել է 18 ֆիլմ, որոնց թվում են Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը», Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» (The Captive), Ժան Պիերի և Լյուկ Դադենովի «Երկու օր, մեկ գիշեր» ֆիլմը (Deux jours, une nuit), որտեղ գլխավոր դերը կատարել է Մարիոն Կոտիյարը, Դևիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզ» (Maps to the Stars) ֆիլմը` Ռոբերտ Փաթինսոնի դերակատարմամբ, Ժան–Լյուկ Գոդարի «Խոսքեր, ցտեսություն» (Adieu au langage) ֆիլմը, Թոմի Լի Ջոնսի «Տեղացին» (The Homesman) ֆիլմը և այլն։

Հիմնական մրցույթի ժյուրիի կազմը գլխավորել է նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը, ժյուրիի կազմում ներառվել են ֆրանսիացի դերասանուհի Կարոլ Բուկեն, ամերիկացի դերասան Ուիլեմ Դեֆոն, մեքսիկացի դերասան Գայել Գարսիա Բերնալը, հարավկորեացի դերասանուհի Չոն Դո Յենը, իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին, ամերիկացի ռեժիսոր Սոֆյա Կոպոլան, չինացի ռեժիսոր Ցզյա Ջանկեն և ռեժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը Դանիայից։ 

Բացի այդ, փառատոնի շրջանակներում տեղի կունենա կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ։ Կներկայացվեն նաև մրցույթից դուրս ծրագրեր` «Հատուկ հայացք», «Կաննի դասականը», որի պատվավոր հյուրն է Սոֆի Լորենը։ «Ռեժիսորների երկշաբաթյակ», «Քննադատության շաբաթ» և այլն։ Այս տարի փառատոնը կվարի ֆրանսիացի դերասան Լամբեր Ուիլսոնը, ով հայտնի է «Մատրիցա. Վերբեռնում» և «Արքայադուստր դե Մոնպանսիե» ֆիլմերով։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն մայիսի 24–ին։–0–