Ավելի քան 150 աշխատանք կներկայացվի «Արտ–Ֆեստ» հանրապետական երկրորդ երիտասարդական փառատոնի շրջանակներում

25.04.2014, 18:57
Ավելի քան 150 աշխատանք կներկայացվի «Արտ–Ֆեստ» հանրապետական երկրորդ երիտասարդական փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա Հայաստանում մայիսի 12–22–ը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը։
Ավելի քան 150 աշխատանք կներկայացվի «Արտ–Ֆեստ» հանրապետական երկրորդ երիտասարդական փառատոնի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 150 աշխատանք կներկայացվի «Արտ–Ֆեստ» հանրապետական երկրորդ երիտասարդական փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա Հայաստանում մայիսի 12–22–ը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը։

Փառատոնը, որը կանցկացվի «Մեկ հարկի տակ» նշանաբանի ներքո, կազմակերպվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այս տարի փառատոնը նվիրված կլինի բուհի ռեկտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանին, ով հունվարին հեռացել է կյանքից։
«Մեր փառատոնի բացառիկությունն այն է, որ փառատոնին մասնակցող աշխատանքները վերաբերում են ամենատարբեր ոլորտների` կերպարվեստ, այդ թվում` գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, թատերական արվեստ և կինոարվեստ», – ասել է նա։

Բարսեղյանը նշել է, որ փառատոնի բացման արարողությունը նախատեսվում է կազմակերպել Երևանի Սիրահարների այգում մայիսի 12–ին ժամը 18։00–ին։ Արարողության ժամանակ նախատեսված են նաև օրիգինալ ֆլեշ–մոբեր։

«Ինչ վերաբերում է ժյուրիին, ապա այս տարի ժյուրիի կազմում ներառված են արվեստի ականավոր գործիչներ, որոնց թվում են` Ռաֆայել Քոթանջյանը, Աննա Հեքեքյանը, Անետա Երզնկյանը և Սամվել Սևադան», – ասել է նա։

Բարսեղյանը նաև տեղեկացրել է, որ կերպարվեստի ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանի Սարյանի պուրակում, կինոֆիլմերը`«Նարեկացի» արվեստի կենտրոնում, իսկ թատերական բեմադրությունները` Երևանի մի շարք թատրոններում, որոնց թվում են` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի պետական կամերային թատրոնը և Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը։

«Արտ–Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը տեղի է ունեցել Հայաստանում 2013 թ.–ի մայիսի 13–19–ը։ Փառատոնին ներկայացվել էր արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող ավելի քան 130 աշխատանք։–0–