Ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

23.04.2014, 11:10
Չորեքշաբթի նշվում է գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը։ Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը (World Book and Copyright Day) ամեն տարի նշվում է ապրիլի 23–ին։
Ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի նշվում է գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը։ Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը (World Book and Copyright Day) ամեն տարի նշվում է ապրիլի 23–ին։

Այս օրը նշելու գաղափարն առաջադրել է Գրահրատարակիչների միջազգային ասոցիացիան, այնուհետև ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ–ի քննարկմանը։ 

ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր համաժողովը 28–րդ նստաշրջանի ժամանակ (1995 թ.–ի հոկտեմբերի 25–ից նոյեմբերի 16–ը) միաձայն հավանություն է տվել բանաձևին, ըստ որի` ապրիլի 23–ը հռչակվել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր, որն առաջին անգամ նշվել է 1996 թ.–ին։

Ապրիլի 23–ը պատահական չի ընտրվել, այդ օրն են ծնվել հայտնի գրողներ Վլադիմիր Նաբոկովն ու Մորիս Դրյուոն, Հալդոուր Լակսնեսն ու Մանուել Մեխիա Վալյեխոն։ 1616 թ.–ի ապրիլի 23–ին մահացել են համաշխարհային գրականության հանճարներ Միգել դե Սերվանտեսը, Վիլյամ Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան։

Գրքի օրը նշելու ավանդույթը ծնվել է Կատալոնիայում (Իսպանիա), որտեղ 1923 թ.–ին գրահրատարակիչները որոշել էին կազմակերպել գրքի տոնավաճառ` ի հիշատակ Միգել Սերվանտեսին, Ինկա Գարսիլասո դե լա Վեգային և Վիլյամ Շեքսպիրին։ Կատալոնիայում կա ևս մի ավանդույթ` նա, ով ապրիլի 23–ին (Սուրբ Գևորգի օր) գիրք կգնի, վարդ կստանա նվեր։ 

Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը շնորհվում է մեկ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ապրիլի 23–ին` Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը։

Գրքի համաշխարհային մայրաքաղաքներ են եղել Մադրիդը (Իսպանիա, 2001), Ալեքսանդրիան (Եգիպտոս, 2002), Նյու Դելին (Հնդկաստան, 2003), Անտվերպենը (Բելգիա, 2004), Մոնրեալը (Կանադա, 2005), Թուրինը (Իտալիա, 2006), Բոգոտան (Կոլումբիա, 2007), Ամստերդամը (Նիդեռլանդներ, 2008), Բեյրութը (Լիբանան, 2009), Լյուբլյանան (Սլովենիա, 2010), Բուենոս Այրեսը (Արգենտինա, 2011), Երևանը (Հայաստան, 2012), Բանգկոկը (Թայլանդ, 2013)։

2014 թ.–ին ՅՈւՆԵՍԿՕ–ն Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը շնորհել է Նիգերիայի Պորտ Հարկորտ քաղաքին, իսկ 2015 թ.–ին Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը շնորհվել է Հարավային Կորեայի Ինչհոնու քաղաքին։–0–