Ժամանակակից էստոնացի գծանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը Երևանում նախատեսված է աշնանը

16.04.2014, 17:05
Էստոնացի ժամանակակից գծանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը հնարավոր է` կայանա աշնանը Երևանում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը
Ժամանակակից էստոնացի գծանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը Երևանում նախատեսված է աշնանը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Էստոնացի ժամանակակից գծանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը հնարավոր է` կայանա աշնանը Երևանում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը

Նրա խոսքով` դա կլինի էստոնացի նկարիչների պատասխան այցը Երևան, քանի որ ապրիլի 10–ից մայիսի 3–ը Տալլինում անցկացվում է հայ երեք ժամանակակից նկարիչների «Քայլող հետքեր. Հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով ցուցահանդեսը։

Նկարիչների աշխատանքները կատարված են օֆսեթ լիտոգրաֆիայի, մոնոտիպիայի և օֆորտի տեխնիկայով։ Ժամանակակից գեղարվեստական գծանկարչությունն առավել վառ ներկայացված է Հայաստանում հենց այս նկարիչների ստեղծագործություններում։

«Առայժմ մենք միայն նախնական պայմանավորվածություն ունենք Երևանում կայանալիք ցուցահանդեսի վերաբերյալ, բայց հասարակությունն անպայման կիրազեկվի իրադարձությունների հետագա զարգացման մասին»,– ասաց Հարությունյանը։

Նա ավելացրեց նաև, որ էստոնացի վարպետները Հայաստան կբերեն արդեն պատրաստի աշխատանքներ` ի տարբերություն հայ գծանկարիչների, ովքեր Տալլինում ներկայացրեցին անմիջապես Էստոնիայում ստեղծած աշխատանքները։

«Ցավոք, մենք այսօր չունենք անհրաժեշտ տեխնոլոգիաներ, որ էստոնացի վարպետները ստեղծեն գծանկարներ անմիջապես այստեղ։ Հենց այդ պատճառով էլ նկարիչներն այստեղ արդեն պատրաստի աշխատանքներ կբերեն»,– ասաց հիմնադրամի ղեկավարը։

Նկարիչ Տիգրան Սահակյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում այսօր չկան գծանկարչական արվեստի զարգացման անհրաժեշտ պայմաններ և, առավել ևս, երիտասարդ սերնդին հմտությունների և գիտելիքների փոխանցման պայմաններ։

Այս առումով նկարիչ Տիգրան Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանում պատշաճ ուշադրություն չի դարձվում ժամանակակից արվեստի զարգացմանն ընդհանուր առմամբ։

«Տարբեր կառույցներ, մասնավորապես, պետականները, պետք է հասկանան, որ ուշադրություն դարձնելով ժամանակակից արվեստին և օժանդակություն ցուցաբերելով դրա` միջազգային ասպարեզ դուրս գալուն, մենք ներկայացնում ենք ոչ թե առանձին անձանց, այլ մեր ազգը և նրա ձեռքբերումները»,– ասաց նա։

Հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը  մարտի 15–ից ապրիլի 15–ը գտնվել են Տալլինում, որտեղ աշխատել են Էստոնիայի գծանկարիչների ասոցիացիայի երկու արվեստանոցներում` «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Էստոնիայի մշակույթի նախարարության և այդ երկրի կառավարության մշակույթի հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորչական օժանդակության շնորհիվ, ինչպես նաև  Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնացի գծանկարիչների ասոցիացիայի համագործակցությամբ։ «Քայլող հետքեր. Հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով ցուցահանդեսին  նկարիչները ներկայացրել են էստոնական մայրաքաղաքում գտնվելու ժամանակ ստեղծած իրենց աշխատանքները։

2012 թվականին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակը Հայաստանի և այլ երկրների միջև մշակույթի փոխանակման, հայ և օտարերկրացի արվեստի գործիչների միջև երկխոսության կայացման և ամրապնդմանն օժանդակելն է։ -0-