Թուրքմենստանում Հայկական մշակույթի օրեր են անցկացվում

07.04.2014, 18:41
Ապրիլի 7-12-ը Թուրքմենստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր, հայտնում են Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։
Թուրքմենստանում Հայկական մշակույթի օրեր են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Ապրիլի 7-12-ը Թուրքմենստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր, հայտնում են Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

««Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ստորագրված համաձայնագրի և ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի` Թուրքմենստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 7-12-ը Թուրքմենստանում կանցկացվեն հայ մշակույթի օրեր»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը: Ապրիլի 9-ին Թուրքմենբաշիում և ապրիլի 11-ին Աշխաբադում տեղի կունենան հայ մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան/, «Հոգու և պարի» թատրոնի /գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան/, հայ երգարվեստի ներկայացուցիչների համերգները: Ապրիլի 8-11-ը Վաթան սրահում և կինոթատրոնում կկայանա հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, ինչպես նաև հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդես Թուրքմենստանի կերպարվեստի թանգարանում:-0-