Դանիական նկարահանող խումբը Երևանում Հայաստանի տեսաբացիկն է նկարահանել Եվրատեսիլի համար

27.03.2014, 18:50
Դանիական նկարահանող խումբը Երևանում Հայաստանի տեսաբացիկն է նկարահանել Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի համար, որտեղ Հայաստանը կներկայացնի Արամ MP3–ը (Արամ Սարգսյան) «Not Alone» երգով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին մրցույթի հայկական պատվիրակության մամուլի ծառայությունից։
Դանիական նկարահանող խումբը Երևանում Հայաստանի տեսաբացիկն է նկարահանել Եվրատեսիլի համար

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դանիական նկարահանող խումբը Երևանում Հայաստանի տեսաբացիկն է նկարահանել Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի համար, որտեղ Հայաստանը կներկայացնի Արամ MP3–ը (Արամ Սարգսյան) «Not Alone» երգով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին մրցույթի հայկական պատվիրակության մամուլի ծառայությունից։

«Եվրատեսիլ-2014» մրցույթը կկայանա Կոպենհագենում այս տարվա մայիսին։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչը կանցնեն Refshaleoen–ի B&ampW Hallerne բեմում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6—ին և 8–ին, իսկ եզրափակիչ շոուն` մայիսի 10–ին։ Մրցույթն անցնում է «Միացիր մեզ» (Join Us) կարգախոսով` կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ սիրված եվրոպական մրցույթին։

Տեսանյութեր նկարահանվում են մրցույթին մասնակցող բոլոր երկրներում։ Նկարահանող խումբը Երևանում է գտնվել մարտի 24–26–ը։

Տեսանյութի ռեժիսոր Քրիստիան Բագերի խոսքերով` նկարահանման ընթացքում օգտագործվել են Հայաստանը բնութագրող մի քանի խորհրդանիշեր։

«Հայաստանը նկարահանող խմբին դիմավորել է արևային եղանակով, հյուրընկալ մարդկանցով,  համեղ կերակուրներով, ջերմ մթնոլորտով։ Երեք արևային օր նկարահանող խումբն անցկացրել է Արամ MP3–ի և նրա խմբի հետ` աշխատելով տեսանյութի գաղափարի իրականացման ուղղությամբ»,  – նշվում է հաղորդագրության մեջ։

YouTube–ում «Not Alone» երգի դիտումների քանակը մարտի 22–ին գերազանցել է մեկ միլիոնը, այն շարունակում է աճել։

Դիտումների քանակով և բուքմեյքերների գնահատականով առաջատար Արամ MP3–ը այս տարվա Եվրատեսիլի ակնհայտ ֆավորիտն է։

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա առաջին համարի ներքո։

2013 թվականից մասնակիցների ելույթների համարների հերթականությունը որոշվում է մրցույթի պրոդյուսերների որոշման համաձայն, «Եվրատեսիլի» գործադիր պրոդյուսեր Ջոն Օլ Սանդի և կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ Դիտեր Ֆրայլինգի հավանությունից հետո։ Նախկինում հերթականությունը որոշվում էր վիճակահանության սկզբունքով։

Հայաստանի հետ միասին մայիսի 6–ի կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի և Հունգարիայի ներկայացուցիչները։

Մայիսի 8–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա Մալթայի, Իսրայելի, Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ավրստիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Սլովենիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

2014 թ.–ին մրցույթին կմասնակցի 37 երկիր։ Երկու կիսաեզրափակիչների տասական հաղթող եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկիր Դանիայի ներկայացուցիչների հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 200 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-