Սիրիահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Դալար Դեկրմանջյանը ելույթ կունենա մայիսի 19–ին Մոսկվայում

26.03.2014, 12:43
Սիրիահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Դալար Դեկրմանջյանի համերգը տեղի կունենա մայիսի 19–ին Մոսկվայի Երաժշտության միջազգային տան համերգասրահում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Ռուսաստանում համերգի մամուլի կցորդ Վիկտորիա Վասիլիշինան։
Սիրիահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Դալար Դեկրմանջյանը ելույթ կունենա մայիսի 19–ին Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Դալար Դեկրմանջյանի համերգը տեղի կունենա մայիսի 19–ին Մոսկվայի Երաժշտության միջազգային տան համերգասրահում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Ռուսաստանում համերգի մամուլի կցորդ Վիկտորիա Վասիլիշինան։

Նրա խոսքերով` «Երկու աշխարհ» նոր ծրագրում կհնչեն աշխարհահռչակ օպերային արիաներ և հայկական ժողովրդական երգեր։ Լիրիկական սոպրանոն ելույթ կունենա Questa Musica երաժշտական անսամբլի նվագակցությամբ` դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու ղեկավարությամբ։

Դալար Դեկրմանջյանը ելույթ է ունեցել բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ` Անգլիայի Կամերային նվագախմբի, Լոնդոնի Կամերային նվագախմբի, Ռուալ դե լա Մոնե նվագախմբի, դե Պիկարդի նվագախմբի և Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա արժանացել է «ամենահռչակավոր սոպրանո–արտիստ» կոչմանը Իտալիայի Ռագուզայում կայացած «Բելինի» մրցույթի ժամանակ։
Դեկրմանջյանը միջազգային մրցանակների դափնեկիր է, որոնց թվում է Բելգիայի «Ելիզավետա Թագուհու» հեղինակավոր մրցանակը, նա մասնակցում է առաջատար երաժշտական փառատոնների` Գերմանիայի Վայկերսհայմեում անցկացվող Jeunesses Musicales փառատոն, Երևանում անցկացված միջազգային երաժշտական փառատոն և այլն։

Մայիսի 19–ին կայանալիք համերգի ժամանակ իր անկրկնելի ձայնը ցուցադրելու գործում Դալարին կօգնի Մոսկվայի հռչակավոր համույթը` Questa Musica–ն, որի երաժիշտները տիրապետում են ինչպես ժամանակակից, դասական, այնպես էլ պատմական գործիքների։

«Երկու աշխարհ» համերգային ծրագիրը բաղկացած կլինի երկու բաժիններից` Արևմուտք և Արևելք։ Համերգի առաջին մասում կհնչեն Մոցարտի օպերային  ամենահայտնի հատվածները, երկրորդ մասը նվիրված կլինի հայտնի հայ կոմպոզիտոր Կոմիտասի երաժշտությանը, կհնչեն հետևյալ վոկալային և գործիքային ստեղծագործությունները` Ծիրանի ծառ, Կաքավի երգ, Հոյ Նազան, Չինար ես, Կռունկ և այլն։–0–