Երևանում Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը կբացվի «Լիր արքա» հայ–վրացական նախագծի պրեմիերայով

19.03.2014, 16:18
Հայաստանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային թատերական տասներորդ փառատոնը կբացվի չորեքշաբթի Երևանում Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Լիր արքա» հայ–վրացական համատեղ նախագծի պրեմիերայով, որը կկայանա Պատանի հանդիսատեսի թատրոնում։
Երևանում Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը կբացվի «Լիր արքա» հայ–վրացական նախագծի պրեմիերայով

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային թատերական տասներորդ փառատոնը կբացվի չորեքշաբթի Երևանում Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Լիր արքա» հայ–վրացական համատեղ նախագծի պրեմիերայով, որը կկայանա Պատանի հանդիսատեսի թատրոնում։

«Փառատոնի բացման արարողությունը հանդիսավոր չի լինի, քանի որ մենք որոշել ենք բացել այն «Լիր արքայի» պրեմիերայից անմիջապես առաջ»,– չորեքշաբթի ասաց փառատոնի տնօրեն, Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) ղեկավար Հակոբ Ղազանչյանը։

Ըստ նրա, փառատոնը կտևի մարտի 19-22–ը և նվիրված կլինի Շեքսպիրի 450–ամյակին։

«Այս տարի մենք որոշել ենք փառատոնը բաժանել երկու մասի։ Այն, ինչ կանցնի այժմ, ավելի նման է Շեքսպիրյան օրերի, և միջոցառմանը կմասնակցեն միայն հայկական թատերախմբեր։ Փառատոնի երկրորդ, միջազգային մասը, մենք մտադիր ենք անցկացնել աշնանը»,– ասաց Ղազանչյանը։

Փառատոնի տնօրենը նշեց, որ միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տասնմեկ տնօրեններ, ովքեր ներկա կլինեն հայ թատերախմբերի բեմադրություններին։

Հայաստանի մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանն իր հերթին նշեց, որ հանրապետությունում Շեքսպիրյան փառատոնի անցկացումը երկրի մշակութային կյանքի լուրջ իրադարձություն է։
 
«Այդ միջոցառումը նոր գաղափարների և ստեղծագործական ծրագրերի հարթակ է, և պատահական չի կրում մեծ Շեքսպիրի անունը»,– նշեց փոխնախարարը։

Նա ավելացրեց նաև, որ նախորդ տարի Հայաստանում վերահրատարակվել է շեքսպիրյան «Համլետը» հայերեն լեզվով։ «Բացի այդ, մենք ծրագրում ենք հրատարակել շեքսպիրյան ստեղծագործությունների ժողովածու հայերեն լեզվով»,– ասաց Տեր–Վարդանյանը։

Փառատոնի շրջանակում կներկայացվեն մի շարք բեմադրություններ։ Մասնավորապես, մարտի 20–ին Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Հուլիոս Կեսարը», մարտի 21–ին Գ.Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի «Ջոն արքան», իսկ մարտի 22–ին  Հ. Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնում կկայանա «Լիր արքան»` Վահե Շահվերդյանի բեմադրությամբ։

Բացի այդ, մարտի 20–ին Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կանցնի միջազգային համաժողով Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների մասնակցությամբ, և կբացվի «Շեքսպիրը հայկական թատրոնում» ցուցահանդես։

2013 թվականին անցկացված Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան իններորդ միջազգային թատերական փառատոնը նվիրված էր աշխարհահռչակ շեքսպիրագետ, Անջեյ Ժուրովսկի փառատոնի համահիմնադրի հիշատակին։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի թատերական գործիչների օժանդակությամբ։

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն անցնում է Հայաստանում 2003 թվականից։ -0