«Հայակ» կինոյի ազգային մրցանակաբաշխությունը 2014 թ.–ին նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի 90–ամյակին

11.02.2014, 16:59
«Հայակ»  կինոյի ազգային մրցանակաբաշխությունը 2014 թ.–ին նվիրված կլինի կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի 90–ամյակին, երեքշաբթի տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը։
«Հայակ» կինոյի ազգային մրցանակաբաշխությունը 2014 թ.–ին նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի 90–ամյակին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Հայակ»  կինոյի ազգային մրցանակաբաշխությունը 2014 թ.–ին նվիրված կլինի կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի 90–ամյակին, երեքշաբթի տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը։

«Նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մենք քննարկել ենք ծրագրային փոփոխությունները, ինչպես նաև առանձնահատկություններն ու հատուկ մրցանակները այս տարվա կինոմրցանակաբաշխության շրջանակներում», – արարողությանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Գևորգյանը։

Խոսելով փոփոխությունների մասին` նա նշել է, որ մասնավորապես փոխվել են հայտերի ընդունման ու մրցանակաբաշխության անցկացման ժամկետները, որը տեղի կունենա 2014 թ.–ի մայիսի 1–ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հայտերի ընդունումը մեկնարկել է 2014 թ.–ի փետրվարի 3–ից և կտևի մինչև մարտի 10–ը։

«Այս տարի մենք որոշել ենք ժանրային սահմանափակումներ չդնել, սակայն ցանկից բացառել ենք հայկական սերիալները։ Այսպիսով, Հայաստանից հայտեր կարող են ներկայացնել բոլոր ժանրերի ֆիլմերի հեղինակները, սփյուռքահայ ռեժիսորներն ու օտարերկրացի ռեժիսորները, ովքեր ֆիլմեր են նկարահանում հայկական թեմատիկայով», – ասել է նա։

Միաժամանակ Ազգային կինոկենտրոնի նախագահը հիշեցրել է, որ «Հայակ» կինոմրցանակին 2013 թ.–ին արժանացել են ռուս ռեժիսոր Կարեն Շահնազարովը «Սպիտակ վագր» ֆիլմի համար և իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելոն «Փելեշյանի լռությունը» ֆիլմի համար։

Գևորգյանը նշել է, որ այս պահին հայտեր են ներկայացվել միայն հայ ռեժիսորների կողմից, նա կանխատեսել է, որ մրցութային ծրագրում կմասնակցի 12–13 հայկական գեղարվեստական ֆիլմ, մեծ թվով վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև ակտիվորեն կմասնակցեն ռեժիսորներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ–ից և այլ երկրներից։

Մրցանակները կհանձնվեն 15 անվանակարգում, և դրանց քանակը, նրա խոսքերով, չի փոխվել նախորդ տարվա համեմատ։ Ժյուրին կգնահատի աշխատանքները «Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարի հեղինակ», «Լավագույն նկարիչ», «Լավագույն կոմպոզիտոր», «Լավագույն  դերասանուհի», «Լավագույն դերասան», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն դեբյուտ,  «Երկրորդական դերի լավագույն դերասան»,  «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք): անվանակարգերում։

Գեղարվեստական խորհրդի որոշմամբ` մրցույթի ժյուրին կգլխավորի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ով միաժամանակ լինելու է նաև մայիսի 1–ին նախատեսված մրցանակաբաշխության արարողության ռեժիսորը»–0–