Կատրին Դենյովը, Ֆանի Արդանը և Լեա Սեյդուն «Սեզար» մրցանակի հավակնորդներ են

31.01.2014, 16:18
Հայտարարվել են ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի «լավագույն դերասանուհի» անվանակարգի թեկնածուները։
Կատրին Դենյովը, Ֆանի Արդանը և Լեա Սեյդուն «Սեզար» մրցանակի հավակնորդներ են

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտարարվել են ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի «լավագույն դերասանուհի» անվանակարգի թեկնածուները։

Պարգևի համար այդ անվանակարգում կպայքարեն Ֆանի Արդանը («Լավագույն օրերն առջևում են»), Կատրին Դենյովը («Ծխախոտի հետևից»), Բերենիս Բեժոն («Անցյալը»), Սառա Ֆորեստիեն («Սյուզան»), Սանդրին Կիբերլեյնը («Խիստ ռեժիմի 9 ամիս»), Լեա Սեյդուն («Ադելի կյանքը») և Էմանուել Սենյեն («Վեներան մորթիների մեջ»)։

Կինեմատոգրաֆիայի և տեխնիկայի ֆրանսիական ակադեմիայի «Սեզար» ամենամյա կինոմրցանակի հավակնորդները հայտարարվել են հանդիսավոր արարողության ընթացքում, որն անցկացվում է ուրբաթ Փարիզի Fouquet’s Barriere հյուրանոցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Սեզար» մրցանակը շնորհվում է 1976 թվականից։ Դրա հաղթողներն ընտրվում են Կինեմատոգրաֆիայի ֆրանսիական ակադեմիայի անդամների գաղտնի քվեարկության արդյունքներով։ Նրանց թիվն այսօրվա դրությամբ կազմում է ավելի քան չորս հազար։ 2014 թվականին հանդիսավոր արարողությունն ըստ ավանդության կանցնի փետրվարի 28–ին Փարիզի Շատլե երաժշտական թատրոնում։ -0-