«Վերադարձի» 5-րդ փառատոնի շրջանակներում համաշխարհային հայտնի երաժիշտները վարպետության դասեր կանցկացնեն Երևանում

03.10.2011, 15:16
«Վերադարձի» 5-րդ փառատոնի շրջանակներում համաշխարհային հայտնի երաժիշտները վարպետության դասեր կանցկացնեն Երևանում

Հինգ երկրից ժամանած ականավոր երաժիշտները վարպետության դասեր կանցկացնեն «Վերադարձի» դասական երաժշտության միջազգային 5-րդ փառատոնի շրջանակներում, ասաց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը: 
Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 4-24-ը Երևանում:

«Դանիայից, Բելգիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Սլովենիայից մասնակցող երաժիշտները վարպետության դասեր կանցկացնեն, և ես շատ շնորհակալ եմ նրանց դրա համար…Արտերկրում մեծ փորձ ունենալով, տարբեր երկրներում ելույթ ունենալով և սովորելով համաշխարհային հայտնի դասախոսների մոտ՝ մեր հյուրերը մեծ դաստիարակչական և մասնագիտական ներդրում են կատարում` մեր երիտասարդ սերնդի հետ իրենց փորձը կիսելով», -երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շահինյանը:
Նա նշեց, որ վարպետության դասերի անցկացումը ծրագրվում է հոկտեմբերի 8-ին:
Խոսելով փառատոնի ծրագրի մասին՝ Շահինյանը նշեց, որ այս տարի համերգի բացումն առաջին անգամ տեղի կունենա Սպենդիարյան անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում:

Ըստ նրա, ականավոր երիտասարդ երաժիշտները` Բելգիայից ժամանած ջութակահար Հրաչյա Ավանեսյանը և գերմանացի դաշնակահար Աշոտ Խաչատրյանը, ովքեր փառատոնի բացմանը կնվագեն Չայկովսկու և Շոպենի ստեղծագործությունները, հոկտեմբերի 7-ին և 9-ին նաև մենահամերգներ են  ունենալու:

Երաժիշտներն իրենց հերթին պատմել են մենահամերգների ծրագրացանկի մասին: Մասնավորապես Խաչատրյանը պատմեց, որ հոկտեմբերի 7-ին կատարելու է Սկարլատիի, Հայդնի, Շոպենի և Ռախմանինովի ստեղծագործությունները: Ավանեսյանը տեղեկացրեց, որ կկատարի մի շարք տարբեր սոնետներ, որոնք հնչողությամբ և կատարողական տեխնիկայով տարբերվում են միմյանցից:

«Վերադարձի» դասական երաժշտության հինգերորդ փառատոնին ելույթ կունենան դաշնակահարներ Մարիաննա Շիրինյանը Դանիայից, Սլովենիայից՝ Վազգեն Վարդանյանը, Ջոն Խոդյանը (կոմպոզիտոր և դիրիժոր), ԱՄՆ-ից Բետ Ուիլյամսը (սոպրանո), շվեյցարացի ֆլեյտահար, երգեհոնահար Վալերի Տոլստովը, ինչպես նաև երաժշտական կոլեկտիվներ Հայաստանից` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը՝  դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, «Լույս» կվինտետը և «Վերադարձի» փառատոնի կամերային նվագախումբը՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Առաջին անգամ «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնն անցկացվել է 2007թ.-ի աշնանը: -0