Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Չինաստանում և Ուկրաինայում

21.06.2011, 17:59
Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Չինաստանում և Ուկրաինայում

Հունիսի 22-29-ը Չինաստանում և հունիսի 30-ից հուլիսի 5-ն Ուկրաինայում  հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Օրերի շրջանակներում, բացի  համերգային և ցուցահանդեսային ծրագրերից կողմերը կստորագրեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2012-2014 թթ. համագործակցության մասին ծրագիր:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին զուգընթաց Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր:

Միջոցառումների շրջանակներում տեղի կունենա գալա համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» լուսանկարչական ցուցահանդեսը, կիրականացվի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Տեղի կունենա գրողների հանդիպում, կանցկացվեն շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ: