Հայկական գորգերն ու գոբելենները կցուցադրվեն Թեհրանում

09.06.2011, 13:14
Հայկական գորգերն ու գոբելենները կցուցադրվեն Թեհրանում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայկական ազգային գորգերը, կարպետները և գոբելենները կցուցադրվեն Թեհրանի կիրառական արվեստի միջազգային ցուցահանդեսում, հաղորդում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսը մեկնարկել է նախօրեին և կշարունակվի մինչև հունիսի 12-ը։

Հայկական ցուցանմուշների թեմատիկան բավականին մեծ է՝ «Զարթոնք», «Գարուն» գորգերը, «Մարդու արարումը», «Հիշողություն», «Կարմրավորը», «Աշունը Հայաստանում» գոբելենները, «Իմ հայրենիքը» կարպետը:

«Կիրառական արվեստի հայ վարպետները այս ստեղծագործություններն ազգային-ավանդական, ժամանակակից-նորարարական ոգու կրողներն են և առանձնանում են բացառիկ գաղափարներով և տեխնիկական կատարմամբ»,- նշվում է Մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ։

Ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի մանրանկարչուհի Հասմիկ Պետրոսյանը և Հայաստանի նկարիչների միության անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ - կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը: -0-