ՀՀ մշակույթի նախարարությունը մտահոգված է, որ լարային գործիքների մանկավարժները քիչ են

07.06.2011, 16:37
ՀՀ մշակույթի նախարարությունը մտահոգված է, որ լարային գործիքների մանկավարժները քիչ են

ՀՀ մշակույթի նախարարությունը կզբաղվի հանրապետության մարզերում լարային գործիքների մանկավարժների թվի պակասի խնդրի լուծմամբ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Ծրագրերի մոնիտորինգի վարչության պետ Վիկտորիա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ վարչության մասնագետներն արդեն մոնիտորինգ են անցկացրել Հայաստանի ութ մարզերում, այժմ ստուգումներ են անցկացնում Արարատի մարզի երաժշտական դպրոցում:
Նա ընդգծեց, որ մոնիտորինգի հիման վրա նախատեսվում է համալիր ծրագիր մշակել, որի համաձայն՝ երաժշտական ուսումնարանների շրջանավարտները կգործուղվեն հանրապետության մարզեր:

Սարգսյանն ավելացրեց, որ այս տարի Մշակույթի նախարարությունը շուրջ 21,7 մլն դրամ է (շուրջ 57,7 հազար դոլար) հատկացրել՝ 164 աշակերտներին լարային գործիքներ նվագելու ուսուցումը ֆինանսավորելու համար, սակայն խնդիրն, ավելի շուտ, կադրերի բացակայությունն է:

Հայտնի հայ թավջութակահար Արամ Թալալյանն իր հերթին ընդգծեց, որ հանրապետությունում այս պահին լարային գործիքների նկատմամբ հետաքրքրությունը բավականին ցածր է:

Նա ընդգծեց, որ բազմաթիվ անգամ ցանկություն է հայտնել դասավանդել հանրապետության մարզերում և գործուղել իր ուսանողներին, սակայն երաժշտական դպրոցների և տեղի իշխանությունների արձագանքը բավականին թույլ է եղել:-0-