«Թանգարանային գիշերվա» շրջանակներում շուրջ 60 թանգարան իր դռները կբացի այցելուների համար. նախարար

13.05.2011, 18:34
«Թանգարանային գիշերվա» շրջանակներում շուրջ 60 թանգարան իր դռները կբացի այցելուների համար. նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Շուրջ 60 թանգարաններ  հայկական գրավոր ժառանգության բացառիկ ցուցանմուշներ կներկայացնեն«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում, որը մշակութային շփման հնարավորություն է տալիս, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Այս ամենն առիթ է իմանալու համար, թե ինչպիսի գրավոր ցուցանմուշներ մենք ունենք արխիվներում և 2012 թ.-ին, որը Հայաստանում հռչակված է գրքի տարի, դրանք ավելի ակտիվ ներկայացնելու համար», - ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանում «թանգարանային գիշերը» կանցնի «Գրավոր ժառանգություն» նշանաբանի ներքո և նվիրված կլինի հայկական գրատպության 500-ամյակին:

Հայաստանում ակցիան կանցնի արդեն յոթերորդ անգամ ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, քանի որ Հայաստանը 2005 թ.-ին միացել է Եվրոպական մշակութային կոնվենցիային:
Մայիսի 14-ին ժամը 18:00-ից 24:00-ը թանգարաններն այցելուներին անվճար կներկայացնեն բացառիկ ցուցահանդեսներ: Իսկ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, թանգարանները կաշխատեն իրենց սովորական ռեժիմով, սակայն անվճար:

Նախարար խոսքով՝ այդ օրը կգործի բոնուսային համակարգ, որի համաձայն, առաջին թանգարան այցելելիս կտրամադրվի բացիկ, որի վրա այդ և մյուս բոլոր թանգարաններում կնիք կդրվի, իսկ վերջին թանգարանն այցելելուց հետո բացիկը պետք է երկու կես անել և անուն ազգանուն գրելուց հետո գցել մուտքի մոտ տեղադրված հատուկ տուփի մեջ: Կնիքների առավելագույն քանակություն ունեցող անձը կստանա մրցանակներ և նվերներ:

Նրա խոսքով՝ դիտարկումը ցույց է տալիս, որ ակցիայի նկատմամբ թանգարանների և հասարակության հետաքրքրությունը վերջին տարիների ընթացքում աճել է, եթե 2009 թ.-ին ակցիային մասնակցել է 26 թանգարան, իսկ 2010 թ.-ին՝ 42 թանգարան, ապա այս տարի այցելուների առջև իրենց դռները կբացեն ՀՀ տարածքում գտնվող 60 թանգարաններ:

«Թանգարանային գիշեր» ակցիան անցկացվում է Եվրոպայի Խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրը: Այն սկիզբ է առել 1999 թ.-ին Ֆրանսիայում: Ակցիային մասնակցում է Եվրոպական մշակույթի կոնվենցիայի 39 պետություն: 2001 թ.-ից ակցիան ստացել է «Թանգարանային գիշեր» անվանումն ու ընդլայնել է իր աշխարհագրությունը:

Թանգարանների միջազգային օրը (International Museum Day) օրացույցում հայտնվել է 1977թ.-ին, երբ ICOM-ի (International Council of Museums — Թանգարանների միջազգային խորհուրդ) հերթական նիստին ընդունվեց ռուսական կազմակերպության՝ այդ տոնը հիմնելու մասին առաջարկը: Եվ 1977թ.-ից այդ օրը ամեն տարի նշվում է ավելի քան 150 երկրներում:

Թանգարանների միջազգային օրը ամեն տարի անցկացվում է որոշակի կարգախոսով: 2010թ. կարգախոսն է՝ «Թանգարանները հանուն ներդաշնակ հասարակության»:-0-