Ֆրանսիական երգի փառատոն՝ Երևանում

15.04.2011, 20:03
Ֆրանսիական երգի փառատոն՝ Երևանում
Ֆրանսիական երգի փառատոն՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիական երգի փառատոն կկայանա Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, հաղորդում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։

Միջոցառումն իրականացվում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի համատեղ ջանքերով:

«Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ղեկավարությունը, ներկայացուցիչներ ֆրանկոֆոն դպրոցներից (համար 45 ֆրանսիական թեքումով երկլեզու դպրոց, համար 48 ֆրանսիական թեքումով երկլեզու դպրոց, համար 119 ֆրանսիական թեքումով դպրոց) և բուհերից (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը)»,- ասվում է հաղորդագրությունում։

Փառատոնին կմասնակցեն ներկայացուցիչներ և ուսանողներ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից և ԵՊՀ-ից, ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, անհատ երգիչները և պարային համույթը:

Կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառումը ներկաներին մտովի կտեղափոխի Փարիզ, կլսեն միայն և միայն ֆրանսիական երգ ու երաժշտություն:
Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում անցկացվում են Հայաստանի ԱԳՆ համակարգմամբ և ՀՀ Տարածքային կառավարման, կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքպետարանի, Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեյցարիայի դեսպանությունների,  մի շարք համալսարանների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ -0-