Ֆրանսիական երաժշտություն՝ հայկական ժողգործիքներով

04.02.2011, 20:00
Ֆրանսիական երաժշտություն՝ հայկական ժողգործիքներով
Ֆրանսիական երաժշտություն՝ հայկական ժողգործիքներով

Ֆրանսիայի մաեստրո Աբեդ Ազրիեն հունիսին Երևանում յուրատեսակ երաժշտական նախագիծ կներկայացնի՝ հայկական ժողովրդական գործիքների և ֆրանսիական դասական վոկալի մասնակցությամբ:

Նախագիծը, որը կրում է «Ֆրանսիական մեղեդիները Երևանում» անվանումը, իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև «Կուլտուրֆրանս» և «ԿԱՍՍարտ Պրոդակշն» ընկերությունների աջակցությամբ:

«Նախագծի հիմնական նպատակը երկու մշակույթների՝ ֆրանսիական և հայկական միաձուլումն է»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերի խորհրդատու Ժան Պոլ Մարտենը:

Նշելով, որ Ֆրանսիայի դեսպանատունը Մշակույթի նախարարության հետ համատեղ Հայաստանում բազմաթիվ մշակութային ծրագրեր է իրականացրել, Մարտենն ասաց, որ տվյալ նախագիծը նախորդներից տարբերվում է նրանով, որ այն հայ հանդիսատեսին ցուցադրվող պատրաստի ներկայացում չէ, այլ ֆրանսիացի և հայ երաժիշտների համատեղ աշխատանքի արդյունքը: -0-