Արցախի Տիգրանակերտը ԼՂՀ կարևորագույն պատմամշակութային հուշարձաններից է

03.02.2011, 14:33
Արցախի Տիգրանակերտը ԼՂՀ կարևորագույն պատմամշակութային հուշարձաններից է

Արցախի Տիգրանակերտը Լեռնային Ղարաբաղի կարևորագույն պատմամշակութային հուշարձաններից է,  նախօրեին Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

Նրա խոսքով` Տիգրանակերտը կարևոր է ոչ միայն պատմական տեսանկյունից, այլ նաև իր հոգեբանական և բարոյական նշանակությամբ։

«Տիգրանակերտի հնագիտական պեղումները կշարունակվեն նաև այս տարի։ 2011 թվականին Տիգրանակերտի պեղումների համար պետբյուջեի կողմից նախատեսված է 56 մլն դոլար (մոտ 153,5 հազար դոլար)»,- նշեց Շահվերդյանը։ Նա ավելացրեց, որ կշարունակվի նաև Տիգրանակերտի հուշարձանների վերականգնման աշխատանքը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով պեղվող հատվածին հարող տարածքի բարեկարգմանը։


ԼՂՀ Զբոսաշրջության վարչության ղեկավարը հայտնեց, որ արդեն երկրորդ տարին է՝ այդ ծրագիրն իրականացվում է, և այժմ արդեն հաջողվել է վերականգնել 18-րդ դարի ամրոցը և այնտեղ ստեղծել Հնագիտական թանգարան, որի բացումը տեղի ունեցավ 2010 թվականի մայիսի 29-ին։

«Բարեկարգման աշխատանքները կանցկացվեն նաև ԼՂՀ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի մերձակա երկհազարամյա սոսիի տարածքում։ Կուսումնասիրվեն ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հուշարձանները»,- ասաց Շահվերդյանը։

Տիգրանակերտի պեղումներն իրականացվում են 2005 թ.-ից: Աշխատանքների առաջին տարում ճշտվել էր քաղաքի կոնկրետ գտնվելու վայրը, իսկ 2006թ.-ին իրականացվել են պեղումներ քաղաքի և դրա շրջակա միջավայրի տարբեր մասերում, որոնք ի հայտ են բերել միջնաբերդի մի մասը, քաղաքի ամրացված մասերից մեկի հիմնապատը, կենտրոնական շրջանում գտնվող վաղքրիստոնեական բազիլիկան։

Պեղումները վկայում են այն մասին, որ Տիգրանակերտը կառուցվել է միասնական պլանի հիման վրա և կատարյալ կառուցապատմամբ հզոր քաղաք-ամրոց է, ունեցել է քաղաքային բարձր մշակույթ և դարերի ընթացքում պահպանել է հայկական պատկերը-0-