Գիտնականները որոշել են Մոնա Լիզայի հետևում պատկերված տեսարանի աշխարհագրական վայրը

10.01.2011, 16:22
Գիտնականները որոշել են Մոնա Լիզայի հետևում պատկերված տեսարանի աշխարհագրական վայրը

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» լեգենդար կտավի վրա Մոնա Լիզայի հետևում պատկերված է ոչ թե վերացական, այլ կոնկրետ բնապատկեր՝ Իտալիայի հյուսիսում գտնվող Բոբիո (Bobbio) քաղաքի շրջակայքը, վստահեցնում է հետազոտող Կառլա Գլորին (Carla Glori), ում փաստարկները երկուշաբթի մեջբերում է Daily Telegraph թերթը:

Գլորին նման եզրահանգումների է եկել, երբ լրագրող, գրող, Կարավաջոյի գերեզմանոցը հայտնաբերող և Իտալիայի մշակութային ժառանգության պահպանման ազգային կոմիտեի նախագահ Սիլվանո Վինչետին (Silvano Vinceti) տեղեկացրել է, որ Լեոնարդոյի կտավի վրա նկատել է առեղծվածային տառեր և թվեր: Մասնավորապես, Ջոկոնդայի ձախ ձեռքի մոտ գտնվող կամրջի կամարի տակ (կտավը դիտողի կողմից կտավի աջ մասում) «72» թվեր են հայտնաբերվել: Վինչետին կարծում է, որ այդ թվերը վերաբերում են Լեոնարդոյի միստիկ տեսություններին:

Գլորիի կարծիքով՝ այդ թվերը խորհրդանշում են 1472 թվականը, երբ Բոբիոյի կողքով հոսող Տրեբիա (Trebbia) գետակը դուրս է եկել ափերից, ինչի հետևանքով քանդվել է հին կամուրջը, և այդ վայրերում իշխող Վիսկոնտի ընտանիքը ստիպված է եղել նոր կամուրջ կառուցել: Ըստ Գլորիի, մնացածը տեղի ամրոցի պատուհաններից բացվող տեսարանն է:

Ավելի վաղ Բոբիո քաղաքը հայտնի էր Սան-Կոլոմբանո (San Colombano) հսկա վանքով, որը նախօրինակ է ծառայել Ումբերտո Էկոյի «Ռոզայի անունը» վեպի համար:

Իր փաստարկներում Կառլա Գլորին նաև նշում է, որ եթե կտավի վրա պատկերված է ոչ թե Իտալիայի կենտրոնը, ինչպես ավելի վաղ կարծում էին գիտնականները՝ ելնելով նրանից, որ Լեոնարդոն սկսել է կտավի վրա աշխատել 1503-1504 թթ.-ին Ֆլորենցիայում, այլ հյուսիսն է, ապա դա նշանակում է, որ կտավի վրա պատկերված է ոչ թե վաճառականի կինը՝ Լիզա դել Ջոկոնդան (Lisa del Giocondo), այլ Միլանի դուքսի դուստրը՝ Բիանկա Ջովաննա Սֆորցան (Bianca Giovanna Sforza):

Նրա հայրը՝ Լոդովիկո Սֆորցան, հայտնի մեկենաս էր և Լեոնարդոյի հիմնական պատվիրատուներից մեկը:

Գլորին կարծում է, որ նկարիչ և գյուտարար Լեոնարդոն հյուրընկալվել է նրան ոչ միայն Միլանում, այլև իր գրադարանով հայտնի Բոբիոյում, որը նույնպես Միլանի իշխողների տիրապետության տակ էր գտնվում:

Սակայն թերահավատորեն տրամադրված մասնագետները պնդում են, որ Մոնա Լիզայի աչքի բիբերում՝ Վինչետիի կողմից հայտնաբերված թե թվերը և թե տառերը դարերի ընթացքում առաջացած ճեղքեր են:-0-