Մինաս Ավետիսյանի երկու վերականգնված որմնանկարները տեղադրվել են ՀՀ կառավարության շենքում

24.11.2010, 19:22
Մինաս Ավետիսյանի երկու վերականգնված որմնանկարները տեղադրվել են ՀՀ կառավարության շենքում
Մինաս Ավետիսյանի երկու վերականգնված որմնանկարները տեղադրվել են ՀՀ կառավարության շենքում

Ականավոր հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» վերականգնված որմնանկարների շնորհանդեսը տեղի է ունեցել չորեքշաբթի ՀՀ կառավարության շենքի նիստերի դահլիճում։

Վարպետի որմնանկարների վերականգնողական աշխատանքների համար կառավարությունը 20 մլն դրամ է (55,2 հազար դոլար) հատկացրել։ Որմնանկարները վերականգնել է հատուկ դրա համար Իտալիայից հրավիրված ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին։

Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սա այն դեպքն է, երբ պատմությունն արդար գործ է ստեղծում։

«70-ական թվականներին, երբ Մինաս Ավետիսյանը Լենինականում սովորական գործարանների ճաշարանների պատերին էր նկարում, ոչ մեկ նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ տարիներ անց այդ ստեղծագործությունները հայկական արվեստի գլուխգործոցներ կհամարվեն և մեր մշակութային կյանքում արժանի տեղը կզբաղեցնեն»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ականավոր նկարչի որմնանկարների այսօրվա շնորհանդեսը պատմական արդարության վերականգնումն է։

Նա ասաց, որ այսուհետ հանրապետության քաղաքացիները կկարողանան որոշակի օրերի կառավարության շենք գալ, որպեսզի տեսնեն այդ որմնանկարները։ Վարչապետը պարզաբանեց, որ այցելությունների օրերի և ժամի մասին ավելի ուշ կտեղեկացվի։

Հանգուցյալ նկարչի որդին, Ջաջուռում Մինասի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության և որմնանկարների վերականգնման համար։

Նշվել է, որ որմնանկարների վերականգնման գործընթացի ժամանակ պահպանել են գունավորումը և չեն կորցրել նախնական տեսքը։

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։ 1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներկայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ -0-