Բուենոս Այրեսում տեղի է ունեցել բրազիլահայ լուսանկարչի լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը

16.03.2009, 18:43
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել բրազիլահայ լուսանկարչի լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 13-ին Բուենոս Այրեսի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սարգիս Բենկլյան սրահում կայացավ բրազիլահայ տաղանդավոր երիտասարդ ճարտարապետ և լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահյանի` «ԷքսպոԱրմենիա» խորագիրը կրող Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ վարչության նախաձեռնությամբ և «Ռիթեքս» ընկերության ֆինանսական աջակցությամբ, հովանավորվում է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի դեսպանությունների, ինչպես նաեւ Արգենտինայի և Հայաստանի Մշակույթի նախարարությունների կողմից:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Վ. Կարմիրշալյանը և «Ռիթեքս» ընկերության նախագահ, ազգային բարերար Ա. Էքսերջյանը: Ներկաների թվում էին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ, Բուենոս Այրեսում Հայաստանի և Բրազիլիայի դեսպանությունների աշխատակիցներ:

Ցուցահանդեսն ունի կարեւոր ճանաչողական նշանակություն: Այն 2009 թ. ընթացքում կշրջի ողջ երկրով` այցելելով թե այնպիսի հայաշատ քաղաքներ, ինչպիսիք են Կորդոբան եւ Մար դե Պլատան, թե Նեուկենի, Ռիո Նեգրոյի, Չիպոլետտիի, Միսիոնեսի նման փոքրիկ բնակավայրեր, որտեղ հայության թիվը ընդամենը մի քանի տասնյակ մարդ է կազմում:-0-