Արտ-համակարգողների համար Երևանում կանցկացվի երրորդ ամառային դպրոցը

12.05.2008, 18:35
Արտ-համակարգողների համար Երևանում կանցկացվի երրորդ ամառային դպրոցը
Արտ-համակարգողների համար Երևանում կանցկացվի երրորդ ամառային դպրոցը

Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հուլիսի 21-ից օգոստոսի 1-ը կազմակերպում է երրորդ միջազգային ամառային դպրոցը գեղարվեստական նախագծերի արտ-համակարգողների համար, հայտնեց ասոցիացիայի անդամ Լիլիթ Սարգսյանը։

«Արտ-համակարգողն առանձին մասնագիտություն է, որի պահանջարկը Հայաստանում շատ է զգացվում»,- երկուշաբթի լրագրողներին Երևանում ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ արտ-համակարգողը, որպես արվեստի բաղկացուցիչ մաս, Հայաստանում այնքան էլ զարգացած չէ։

«Համակարգողն անձամբ մշակում է գեղարվեստական նախագծի գաղափարն ու գաղափարախոսությունը, հրավիրում է արվեստաբանների, գաղափարը պարզաբանող տեքստ է գրում։ Փիառ է իրականացնում, գտնում է միջոցառումն անցկացնելու հարթակ»,- ավելացրեց նա։ 

Դրանից բացի, մասնագետի պարտականությունների մեջ է մտնում նաև նախագիծն անհրաժեշտ ֆինանսավորմամբ ապահովելը։

«Համակարգողն իր վրա է վերցնում ոչ միայն գաղափարական, այլև կազմակերպչական հարցերը»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանը նաև հայտնեց, որ երկշաբաթյա պարապմունքները կանցկացվեն անգլերենով։

«Դասընթացների անցկացման համար կհրավիրվեն արտասահմանյան մասնագետներ, այդ թվում՝ հայտնի քննադատներ, ինչպես նաև արվեստի ժամանակակից գործիչներ»,- ավելացրեց նա։

Պարապմունքների ընթացքում ամառային դպրոցի մասնակիցները դասախոսություններ կլսեն համակարգողի գործի մեթոդաբանության, ժամանակակից արվեստի, ինչպես նաև արվեստի շուկայի գլոբալիզացիայի գործընթացում համակարգողի դերի մասին։

2007 թվականի ամառային դպրոցին մասնակցել է շուրջ 15 մարդ, այդ թվում՝ Ամերիկայից, Վրաստանից, Թուրքիայից, Սերբիայից ու Սլովենիայից։-0-