«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնն առավել ազդեցիկն է տարածաշրջանում. Կիրիլ Ռազլոգով

12.05.2008, 16:53
«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնն  առավել ազդեցիկն է տարածաշրջանում. Կիրիլ Ռազլոգով

Հայաստանում անցկացվող ամենամյա  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում առավել ազդեցիկն է, կարծում է ռուս կինոգետ, արվեստաբանության դոկտոր Կիրիլ Ռազլոգովը։

«Եթե խոսենք այն կինոփառատոնների մասին, որոնք անցկացվում են տարածաշրջանում, ապա Թբիլիսիինն ու Բաքվինը տարբերվում են իրենց ձևաչափով»,- երեկ լրագրողներին ասաց Ռազլոգովը։

Այսպես, Բաքվի փառատոնը տեղայնացված բնույթ ունի, այնտեղ մի քանի կինոնկար է ցուցադրվում։

Ռազլոգովը նաև ավելացրեց, որ Բաքվի կինոփառատոնը որոշակի նշանաբանի տակ է անցկացվում՝ «Հյուսիս-Արևմուտք»։

«Այս կինոփառատոնի ղեկավարությունն իր առջև խնդիր չի դրել կինոփառատոնը ընդլայնելու և այն տարածաշրջանային կամ միջազգային ծավալների հասցնելու»,- հստակեցրեց նա։

Կինոգետի խոսքերով, ի տարբերություն Բաքվի՝ Թֆիլիսիի փառատոնը բոլոր այս խնդիրները դրել է իր առջև։

«Սակայն Վրաստանի քաղաքական իրավիճակից բխող դժվարությունները անդրադառնում են փառատոնի կայացման վրա»,-ասաց կինոգետը։

Խոսելով «Ոսկե ծիրանի» մասին՝ Ռազլոգովը նշեց, որ երևանյան փառատոնի  ղեկավարությունը ճիշտ է ընտրել զարգացման ռազմավարությունը։

«Երևանի փառատոնն իր զարգացման մեջ կողնորոշվում է միջազգային կինոփառատոնների գոյության արդեն ստուգված համակարգով։ Այն իրեն դրսևորում է անմիջապես որպես միջազգային կինոփառատոն»,- ասաց նա։

Կինոգետի խոսքերով, «Ոսկե ծիրանի» միջազգային վարկանիշն ավելի բարձր է, քան ազգայինը։ Ռազլոգովն ավելացրեց, որ սա պայմանավորված է նրանով, որ փառատոնի ղեկավարությունը անմիջապես հետևում է այն միտումներին, որոնք նկատվում են միջազգային փառատոնային շարժումներում և ճկունությամբ արձագանքում է  դրանց։

Այս համատեքստում կինոգետը մատնանշեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում նախագծերի շուկայի ստեղծումը։

«Փառատոնի զարգացումն ակնհայտ է, սա վկայում է այն մասին, որ «Ոսկե ծիրանի» զարգացումը կշարունակվի ճիշտ ուղղությամբ»,- ավելացրեց նա։

Դրա հետ մեկտեղ Ռազլոգովն ավելացրեց, որ «Ոսկե ծիրանը» պետք է փորձի դառնալ տարածաշրջանի գլխավոր փառատոնը  լայն իմաստով, այսինքն ոչ միայն Անդրկովկասի, այլև մոտակա երկրների։

«Ոսկե ծիրանի» հերթական, հինգերորդ փառատոնը կանցկացվի Երևանում 2008 թվականի հունիսի 13-20-ը։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—