Պետական ակադեմիական թատրոնների շենքերը չպետք է տրամադրվեն շոու-բիզնեսին

30.01.2008, 17:26
Պետական ակադեմիական թատրոնների շենքերը չպետք է տրամադրվեն շոու-բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Պետական ակադեմիական թատրոնների շենքերը ոչ մի դեպքում չպետք է տրամադրվեն շոու-բիզնեսին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

«Շոու-բիզնեսի որոշ գործիչների հայտարարություններն այն մասին, թե իրենք թատրոն չունեն ելույթ ունենալու համար, իմ կարծիքով, վտանգավոր միտում է։ Ես չէի ցանականա, որ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից որևէ մեկը թատրոնի շենք մուտք գործի»,- ընդգծեց Ղազանչյանը։

Նա անդրադարձավ հայկական թատրոնների մյուս խնդիրներին, մասնավորապես, ֆինանսավորման հարցին։

«Պետությունը ոչինչ չի ներդնում թատրոնի մեջ, իսկ հովանավորությունը չի խրախուսվում փողերի «լվացման» հնարավորության վտանգից խուսափելու համար։ Արդյունքում, ֆինանսական պատճառներից ելնելով, օրինակ, դեկորացիաների թանկությունը, մենք լուրջ դժվարություններ ենք ունենում որոշ ներկայացումների բեմադրություններում»,- նշեց նա։

Ղազանչյանը նաև ասաց, որ Մշակույթի նախարարության շատ պաշտոնյաներ տեղյակ չեն թատրոնի հիմնախնդիրների մասին և միայն քննադատում են այսօր ստեղծված դրությունը։

«Ամենամյա պետական մրցանակաբաշխության ժամանակ թատրոնը և կինոն մեկ անվանակարգում ներկայացնելու փաստը, իր հերթին, նույնպես հաստատում է, որ թատրոնի նկատմամբ որևէ քաղաքականություն մտածված չէ»,-ընդգծեց նա, նաև հաղորդելով, որ պետական թատրոնների մեծ մասը դեմ էր այդ մրցանակաբաշխությանը։--0—