Եվրոտեսիլ-2008-ի համար երգչուհի Սիրուշոյի երգը ընտրվելու է հեռուստաքվեարկության արդյունքում

15.01.2008, 11:03
Եվրոտեսիլ-2008-ի համար երգչուհի Սիրուշոյի երգը ընտրվելու է հեռուստաքվեարկության արդյունքում
Եվրոտեսիլ-2008-ի համար երգչուհի Սիրուշոյի երգը ընտրվելու է հեռուստաքվեարկության արդյունքում

Երգը, որը Սիրուշոն պետք է ներկայացնի Սերբիայում կայանալիք Եվրոտեսիլ-2008-ի ժամանակ, ընտրվելու է հեռուստաքվեարկության արդյունքում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի լավագույն կոմպոզիտորներն ու պոետները Սիրուշոյի համար արդեն գրել են ավելի քան տասը երգ, որոնցից Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գեղարվեստական խորհուրդը կընտրի լավագույն հինգը։

«Փետրվարի վերջին կամ մարտի սկզբին ուղիղ եթերում Սիրուշոն կկատարի ընտրված երգերը Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում։ Այնուհետև հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ կհրապարակվի առավել սիրված երգի անվանումը, որը Սիրուշոն կկատարի Եվրոտեսիլի ժամանակ», - հայտարարել է նա։

Հարությունյանը նշել է, որ արդեն հիմա կան նվազագույնը չորս հիասքանչ երգեր, որոնցից դժվար կլինի ընտրել լավագույնը։ Երգերի հեղինակների անունները կհրապարակվեն այն բանից հետո, երբ Խորհուրդը կընտրի հինգ լավագույն երգերը։

2007 թ.-ի նոյեմբերի 14-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարել է մի որոշման  մասին, համաձայն որի Բելգրադում կայանալիք Եվրոտեսիլ-2008-ին Հայաստանը կներկայացնի հանրահայտ հայ երգչուհի Սիրուշոն։

2008 թ.-ին Հայաստանն արդեն երրորդ անգամ կմասնակցի «Եվրոտեսիլին»։ 2006 թ.-ի մայիսին Հայաստանը ներկայացնող հանրահայտ էստրադային երգիչ Անդրեն, Աթենքում կատարելով «Without Your Love» (Առանց քո սիրո)  երգը, զբաղեցրեց ութերորդ տեղը։

2007 թ.-ին Հելսինկիում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «2006 թ.-ի լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող, էստրադային երգիչ և կոմպոզիտոր Հայկոն կրկնեց Անդրեի հաջողությունը՝ երգելով «Anytime you need» (Երբ դու ցանկանաս) երգը։-0-