Երևանի «Մոսկվայի տունը» մտադիր է կազմակերպել ռուսական էստրադայի աստղերի հյուրախաղերը

11.12.2007, 17:33
Երևանի «Մոսկվայի տունը» մտադիր է կազմակերպել ռուսական էստրադայի աստղերի հյուրախաղերը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնը մտադիր է կազմակերպել ռուսական էստրադայի աստղերի հյուրախաղերը։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդեց «Մոսկվայի տան» տնօրեն Արթուր Սարգսյանը, այս ծրագրի շրջանակներում առաջին նախագիծը լինելու է Ավրահամ Ռուսոյի համերգների կազմակերպումը Օպերայի և բալետի ազգային թատրոնում՝ դեկտեմբերի 12-13։

«Արդեն մյուս տարի մենք հայ հանդիսատեսին կուրախացնենք ընդարձակ մշակութային ծրագրով, որի շրջանակներում Հայաստանի մայրաքաղաք կժամանեն ոչ միայն էստրադային գործիչները, այլև ռուսական ջազմենները և թատերական խմբերը»,- ասաց նա։

Նրա խոսքով, «Մոսկվայի տունը» բանակցություններ է վարում Տագանկայի և «Լենկոմ» թատրոնների, հայտնի ջազ-նվագախմբերի հետ։

«Մոսկվայի տան» տնօրենն ընդգծեց, որ ռուսական էստրադային երգիչների ելույթները և թատերախմբերի բեմադրությունները էլ ավելի կաշխուժացնեն Երևանի մշակութային կյանքը։

«Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնը գործում է 2007թ. մարտից։ Բացման արարողությանը ներկա էին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը և Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։ Ռուսական կողմի ներդրումները կենտրոնի շինարարությունում կազմել են 13 մլն. դոլար։--0—