«Արևիկ» համույթը մանկական Եվրատեսիլում կներկայացնի «Երազանք» երգը

07.12.2007, 18:21
«Արևիկ»  համույթը մանկական Եվրատեսիլում կներկայացնի «Երազանք» երգը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Արևիկ»  համույթը դեկտեմբերի 8-ին Ռոտերդամում կայանալիք միջազգային մանկական «Եվրատեսիլ-2007» մրցույթում կներկայացնի «Երազանք» երգը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության միջազգային բաժնի ղեկավար, մրցույթի հայկական նախագծի պատասխանատու Դիանա Մնացականյանը, երգի հեղինակներն են համույթի մասնակիցներ Մարիաննա Ջավախյանը և Սարգիս Մխիկյանը։

«Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է կազմակերպված, երեխաների համար շատ հետաքրքիր է, նրանք ուրախ են մասնակցել մրցույթին։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ հաջող կանցնի»,-ասաց նա։

Մնացականյանը հավելեց, որ մրցույթը կհեռարձակվի ուղիղ եթերով Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ տեղի ժամանակով 23.15-ին։

«Արևիկ» համույթում կան 12-15 տարեկան ութ մասնակիցներ։

«ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը մրցույթի շրջանակներում քվեարկություն կանցկացնի։

Քվեարկության մասնակիցները կկարողանան հաղորդագրություն ուղարկել 7708 համարով, հավաքելով 01-ից 17 թիվը, որոնք համապատասխանում են Եվրատեսիլի մասնակից-երկրի համարին։ Մեկ հաղորդագրության արժեքն է 235 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն (0,77 ԱՄՆ դոլար)։--0--