Երևանում բացվեց «Շուշի ամրոց-քաղաքի կյանքի 111 ակնթարթները» լուսանկարների ցուցահանդեսը

19.11.2007, 18:06
Երևանում բացվեց «Շուշի ամրոց-քաղաքի կյանքի 111 ակնթարթները» լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Երևանի պետական համալսաանում բացվեց «Շուշի ամրոց-քաղաքի կյանքի 111 ակնթարթները» անվանումով լուսանկարների ցուցահանդեսը։

Ինչպես ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարեց լուսանկարների հեղինակ, «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար, գրող Բակուր Կարապետյանը, ցուցահանդեսում ներկայացված են վերջին 2-3 տարիներին նկարահանված լուսանկարները։

«Ես դեռ փոքր տարիքից եմ եղել Շուշի քաղաքում, այն խորը հետք է թողել իմ հոգում։ Իմ աշխատանքների ցուցահանդեսը յուրօրինակ քայլ է այս քաղաքի կայացման ճանապարհին»,- ասաց նա։

Միաժամանակ, հիմնադրամի ղեկավարը նշեց, որ Շուշին առանձնանում է ոչ միայն իր անկրկնելի բնությամբ, այլև պատմական տեսարժան վայրերով, մասնավորապես՝ հինավուրց ամրոցով։

Իր լուսանկարներում Կարապետյանը ներկայացրել է Շուշիի բնությունը, նրա բնակիչներին, տեսարժան վայրերը, հինավուրց եկեղեցիները։

Միաժամանակ, ֆոնդի հիմնադիրն ավելացրեց, որ ցուցահանդեսին ներկայացվել են նաև 1904-1910թթ. նկարահանված հին լուսանկարներ։

«Հին լուսանկարների մի մասը տրամադրել են Հայաստանի ազգային պատկերասրահը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը և պետական արխիվը»,- ասաց նա։

Նրա խոսքով, տարբեր արխիվներում գտնվում է հին լուսանկարների հսկայական ֆոնդ, որը պատշաճ ուշադրության չի արժանանում։

«Հին լուսանկարների հանդեպ հետաքրքրությունն ինձ մոտ վերջերս է առաջացել։ Այսօր մեր ֆոնդում գտնվում է մոտ 7 հազ. լուսանկարներ, որոնցից 3 հազարը ներկայացված են www.avetis.org կայքում»,- ավելացրեց նա։

«Շուշի ամրոց-քաղաքի կյանքի 111 ակնթարթները» ցուցահանդեսը կցուցադրվի նաև Ստեփանակերտում։

Շուշին իր մեծությամբ ԼՂՀ  երկրորդ քաղաքն է, գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակությունները կատարվել են 18-րդ դարում, երբ հիմնադրվել է ամրոցը։

Շուշիում գտնվում են տարբեր մշակույթների պատկանող հոյակերտ ճարտարապետական հուշարձաններ, այստեղ ծնվել և մեծացել են բազմաթիվ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։ --0—