Երևանում տեղի է ունեցել «Հին հեթանոսական Աստվածաշունչ՝ «Սասնա Ծռեր էպոս» գրքի շնորհանդեսը

26.10.2007, 11:16
Երևանում տեղի է ունեցել «Հին հեթանոսական Աստվածաշունչ՝ «Սասնա Ծռեր էպոս» գրքի շնորհանդեսը

Հինգշաբթի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի է ունեցել «Հին հեթանոսական Աստվածաշունչ՝ «Սասնա Ծռեր էպոս» գրքի առաջին հատորի շնորհանդեսը, որի հեղինակն  է պատվավոր դոկտոր, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ Արթուր Արմինը (Բաբայանը)։

«Սասնա Ծռեր» էպոսը արտացոլում է արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի տարած ազատարար պայքարը։ Նրա գլխավոր հերոսը Սասունցի Դավիթն է, որ հայկական ֆոլկլորի ամենասիրված և հայտնի հերոսներից մեկն է։

Հեղինակի խոսքերով, այս գիրքը պատմում է էպոսի «թվային մտահաղացման» մասին, այն գաղտնիքների մասին, որոնք պարունակում են թվերը։ «Էպոսում հիշատակվող յուրաքանչյուր թիվ ունի իր նշանակությունը և բացատրում է այն ամենը, ինչ պատահել է հայ ժողովրդի հետ կոնկրետ պատմական ժամանակահատվածում՝ ներկայացնելով հայոց պատմությունը ժամանակի և տարածության մեջ», - ասել է նա։

Արմինը ընդգծել է, որ ըստ էպոսի՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում տիեզերքում նախորոշված  և կանոնավորված է ըստ թվերի։

«Ուսումնասիրել հայկական էպոսը՝ նշանակում է փորձել հասկանալ նրա հիմքում ընկած աշխարհաստեղծման համակարգը և վերականգնել հնագույն հավատալիքների ընդհանուր պատկերը, նրա ներքին նպատակային ուղղվածությունը», - ասել է նա։

Հեղինակի խոսքերով, «Սասնա Ծռեր» էպոսը հայ ժողովդրի ծննդի վկան է, նրա գենետիկ կոդի վկան, «նրա տարիքը պայմանավորված է այս էպոսը ծնած ժողովրդի տարիքով»։

Բանասեր Արմեն Դավթյանը իր հերթին նշել է, որ գիրքը առանձնանում է համոզվածություն առաջացնող բարձր մակարդակով և «նույնիսկ նրա հետ չհամաձայնվողներին դժվար կլինի հերքել նրա թեզիսները»։

Նրա խոսքերով, այս հրատարակությունում առաջին անգամ վերծանվում են «Սասնա Ծռեր» էպոսի հիմքում դրված թվային կոդերը։ «Այս իմաստով սա նոր գիտական հայացք է», - ավելացրել է Դավթյանը։

«Հին հեթանոսական Աստվածաշունչ՝ «Սասնա Ծռեր» («Կատաղի սասունցիները»)  էպոս գիրքը բաղկացած է երկու մասից. առաջինում ներկայացված է հնագույն հավատալիքների թաքնված գիտական իմաստի նշանակությունը, հնագույն ժամանակներից եկած աշխարհաստեղծման մաթեմատիկական, աշխարհագրական և աստղագիտական բաղկացուցիչները։ Գրքի երկրորդ մասում վերլուծվում է էպոսի հիմքում ընկած էզոթերիկ իմաստը և դա հաստատում է այն, որ «Սասնա Ծռեր» էպոսը հավատքի հեթանոսական խորհրդանիշն է։

Գիրքը հրատարակվել է «Սփյուռք» հասարակական-մշակութային կազմակերպության և Բնության ու հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ֆինանսական աջակցությամբ։

Արթուր Արմինը չորս գրքի հեղինակ է՝ «Մետամորֆոզներ», «Միայնության նամակները», «Փոքր Մհերը», «Հին հեթանոսական Աստվածաշունչ՝ «Սասնա Ծռեր» էպոս»։-0-