Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել թանգարանային բիզնեսը-Թումանյանի թանգարանի տնօրեն

28.09.2007, 18:35
Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել թանգարանային բիզնեսը-Թումանյանի թանգարանի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել թանգարանային բիզնեսը։ Այս կարծիքը ուրբաթ հայտնեց Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխկյան-Խաչատրյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի մշակութային ժառանգությունը թանգարաններում ներկայացնելու ձևը վաղուց հնացել է և չի կարող հրապուրել այցելուներին՝ ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ հանրապետության քաղաքացիներին։

«Թանգարանագիտությունը միայն նոր է սկսում զարգանալ Հայաստանում, չնայած ողջ աշխարհում այդ գիտությունը մեծ հաջողությունների է հասել։ Մենք մտադիր ենք մեր թանգարանների գործունեության մեջ ներմուծել համաշխարհային միտումները»,-ասաց Թուխկյան-Խաչատրյանը։

Ներկայացնելով առաջիկա ծրագրերը՝ նա նշեց, որ Թումանյանի թանգարանը ծրագրում է հասարակության համար ավելի բաց և մատչելի դառնալ։

«Մեր բուկլետները տրվել են երկրի բոլոր հյուրանոցներին, ինչպես նաև զբոսաշրջության գործակալություններին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մատչելի և հետաքրքիր կերպով ներկայացնենք մեր հյուրերին մեծ հայ պոետին, որի կյանքի և գործունեության մասին նրանք քիչ բան գիտեն»,-ասաց Թուխկյան-Խաչատրյանը։

Բացի այդ, նա նշեց, որ հավելյալ միջոցների ներգրավման նպատակով ծրագրվում է թանգարանի, ինչպես նաև Թումանյանի հեքիաթների պատկերներով բացիկների թողարկում։

«Մենք հիմա զբաղվում ենք թանգարանի կայքի նախագծմամբ, ինչպես նաև ծրագրում ենք Թումանյանի ստեղծագործությունների թարգմանության մրցույթ անցկացնել»,-ընգծեց նա։

Մեծ հայ գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869-ի փետրվարի 7-ին Լոռու Դսեղ գյուղում, հոգևորականի ընտանիքում։ 1878-83թթ. Թումանյանը ստանում է սկզբնական կրթություն Ջալալօղլու դպրոցում (Ստեփանավան), ապա տեղափոխվում է Թիֆլիսի Ներսեսյան վարժարան։

Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953-ին։ Թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է պոետի դուստր Ա. Թումանյանը։

Թանգարանում հավաքված է Թումանյանի անձնական գրադարանը՝ շուրջ 8000 կտոր, որոնք նվիրված են կովկասագիտությանը, հայագիտությանը, պատմությանը, մշակույթին, կրոններին և տարբեր ժողովուրդների բանահյուսությանը։

Ցուցադրվում են ձեռագրերի բազմաթիվ պատճեներ, լուսանկարներ, Ռոտ-տերի, Գ. Երիցյանի, Գ. Խանջյանի, Ա. Գրիգորյանի Թումանյանի ստեղծագործությունների ձևավորումների բնօրինակները։ Այստեղ է գտնվում նաև Թումանյանի լիբրետտոյով «Ալմաստ» օպերայի բեմական ձևավորման մի մասը՝ Մ. Սարյանի ձևավորմամբ։—0-